Ձեր դայակի համար կվճարի պետությունը

© ShutterstockНяня
Няня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայաստանում դայակի ինստիտուտ կստեղծվի, ինչը մեծ օժանդակություն կլինի աշխատաշուկա վերադարձող հայ կնոջ համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ներկայացրեց հայ կանանց աջակցմանն ուղղված ծրագրի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի նախագծի նպատակն է խրախուսել դայակի ինստիտուտը, ասաց Վանիկ Բաբաջանյանը։

«Մենք առաջարկել ենք խրախուսել դայակի ինստիտուտը, այսինքն՝ աշխատաշուկա վերադարձող կնոջը վճարել որոշակի գումար, որը կօգնի դայակ վարձել, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է: Սա նշանակալի օժանդակություն կլինի մայրերի համար: Չորրորդ միջոցառումը միտված է մինչև երեսուն տարեկան այն կանանց, ովքեր ունեն երեխաներ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու հետ ունեն որոշակի խնդիր, այսինքն՝ մինչ այդ երբևէ չեն աշխատել, իսկ գործատուները հիմնականում ակնկալում են, որ իրենց աշխատակիցները ունենան աշխատանքի փորձ և պատրաստվածություն: Խրախուսվելու է մինչև վեց ամսվա ընթացքում մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը գործատուի մոտ»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի նախագծի բաղադրիչներից մեկը տարբեր տարիքային կանանց աջակցության ծրագիրն է, ասաց Վանիկ Բաբաջանյանը։

«Ծրագրի վերջնական նպատակը մեկն է՝ ծնունդների թվաքանակի ավելացում, մարդկային կապիտալի բարձր որակի ապահովում»,- ասաց նա։

Այդ ուղղությամբ առաջարկվել է չորս ծրագրային միջոցառում: Ըստ Բաբաջանյանի՝ առաջինը միտված է մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց վարձավճարների որոշակի սուբսիդավորմանը: Երկրորդը՝ մինչև 24 տարեկան արդեն մայրացած կանանց, որոնք մայրացել են համեմատաբար վաղ, չեն հասցրել բարձրագույն ուսում ստանալ, սակայն ունեն դրա ցանկությունը: Խոսքը բուհ ընդունվելու համար մասնագիտական ուսուցման նախապատրաստման գործընթացների սուբսիդավորման մասին է:

Երրորդը՝ մեր երկրում խնդիր է երիտասարդ մայրերի աշխատաշուկա վերադառնալը: Մայրերն ուզում են վերադառնալ աշխատանքի, հաճախ չգիտեն, թե ինչպես պահեն երեխաներին, հատկապես, որ մայրաքաղաքում նախադպրոցական հաստատությունները գերբեռնված են:

Անդրադառնալով այս պահին Հայաստանում գոյություն ունեցող ժողովրդագրական պատկերին՝ պաշտոնյան նշեց, որ ցուցանիշի վրա ազդեցություն է ունենում ինչպես ավանդական «ծնունդ-մահ», այնպես էլ՝ միգրացիոն գործոնը: Մեջբերելով Ազգային վիճակագրական ծառայության անցած տարվա տվյալները՝ նա հայտնեց, որ Հայաստանում 2015 թվականին ծնվել է ավելի քան 41 հազար, իսկ մահացել շուրջ 28 հազար մարդ:

Հայաստանում ժողովրդագրական կենսունակության գործակիցը դեռևս 1.5 է: Բայց չկարգավորված միգրացիան, որը հիմնականում պայմանավորված է սոցիալական պայմաններով, խժռում է բնական հավելաճը: Բաբաջանյանը վստահ է, որ իրենց առաջարկած միջոցառումները դոմինոյի էֆեկտ կունենան, և 2-3 տարվա ընթացքում խնդիրների գոնե մի մասը կլուծվի:

 

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала