Լրագրողի դեմ հայցը մերժվեց. հաղթեց խոսքի ազատությունը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցЗакон, Суд, молоток, правосудие
Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ մերժել է լրագրող Ադրինե Թորոսյանի դեմ Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի հայցը՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Տնօրենը, դատարան ներկայացնելով լրագրողի հրապարակումները, պահանջում էր պարտավորեցնել նրան նույն լրատվական միջոցներով, որոնցում հեղինակվել էին Ադրինե Թորոսյանի աշխատանքները, հրապարակայնորեն հերքել, իր կարծիքով, իրեն զրպարտող արտահայտությունները և ներողություն խնդրել իրենից: Նաև փոխհատուցում էր պահանջում լրագրողից՝ 3 մլն ՀՀ դրամ:

Նրա պահանջած 3 մլն դրամ հայցագնի չափով դատարանի որոշմամբ արդեն երկրորդ տարին արգելանքի տակ էր լրագրողի հայրական տունը:

Բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, իրավական վերլուծությունների արդյունքում դատարանը եկավ հետևության, որ լրագրողի կողմից կատարված հրապարակումները չեն կարող դիտվել զրպարտություն կամ վիրավորանք՝ ուղղված հայցվորի դեմ, և որ լրագրողն ընդամենը իր մասնագիտական պարտականությունն է կատարել՝ տեղեկություններ հաղորդելով հանրությանը:

Լրագրողի դեմ ներկայացված հայցը դատարանն ամբողջությամբ մերժեց: Հայցի մերժման պայմաններում լրագրող Ադրինե Թորոսյանին 3 մլն ՀՀ դրամի պահանջ ներկայացրած դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանն ինքը պետք է իր պահանջած գումարի համար 60 հազար ՀՀ դրամ վճարի պետական բյուջե (գույքային պահանջով նախապես չվճարած 3 մլն դրամի 2% պետտուրքը):

Կայացված վճռով դատարանն այսպիսով պաշտպանել է խոսքի ազատության հիմնարար իրավունքը՝ մասնավորապես մատնանշելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը.

«Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից…»,

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այդ իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

 

 

Լրահոս
0