Երևանի քաղաքապետն ընդունել է Sputnik Արմենիայի դիտողությունը

© Пресс-служба мэрии ЕреванаТарон Маргарян
Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում երկու օր շարունակ պատասխանել է երևանցիների հարցերին։ Տարոն Մարգարյանը չի անտեսել նաև Sputnik Արմենիայի աշխատակցի հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Տարոն Մարգարյանը մարտի 17-ին երևանցիներին առաջարկել էր իրենց հետաքրքրող հարցերը գրել քաղաքապետի` Ֆեյսբուքի էջում և խոստացել էր պատասխանել դրանց։

«Հարգելի պարոն քաղաքապետ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակին` հնամաշ մեքենաներին, անքաղաքավարի վարորդներին, որոնք բջջային հեռախոսով խոսելով, ծխախոտը վառած` ձեր համաքաղաքացիներին են տեղափոխում, որ 10 հոգանոց երթուղային տաքսիներով երթևեկում է ամենաքիչը 25 ուղևոր։ Սանիտարական վիճակի և ջարդված նստելատեղերի մասին էլ չեմ խոսում: Ե՞րբ է լուծվելու մեր քաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրը: Վստահ եմ, որ աշխարհի որևէ այլ երկրում այսպիսի տեսարանի չենք հանդիպի»,- գրել է Sputnik Արմենիայի աշխատակիցը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է.

«Լիովին կիսում եմ Ձեր մտահոգությունը: Տրանսպորտի խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, մենք այս ուղղությամբ ուսումնասիրություններ ենք իրականացնում, և մոտ ապագայում Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան տրանսպորտային համակարգ։ Այս պահին առկա ռեսուրսները առավելագույնս օգտագործվում են։ Ինչ վերաբերում է վարորդների էթիկական պահվածքին, ապա այս հարցը ևս իմ ուշադրության կենտրոնում է, ինչի հետ կապված տրանսպորտի վարչության կողմից սահմանված է ամենօրյա հսկողություն երթուղիները սպասարկող ընկերությունների աշխատանքի հանդեպ»:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում համաքաղաքացիների հետ շփվելու այս նախաձեռնությունը Տարոն Մարգարյանը բացատրել էր այն հանգամանքով, որ քաղաքապետարանի բոլոր վարչությունների և ստորաբաժանումների աշխատակիցների հետ մեկ ամիս շարունակ անցկացրած արտահերթ խորհրդակցություններից հետո որոշել է ուղիղ հարց ու պատասխանի ձևաչափով խոսել նաև համաքաղաքացիների հետ։ Ըստ նրա` պարզապես ժամանակի պահանջն է ոչ միայն մարդկանց հետ խոսել ու հաշվետու լինել, այլև միասին սահմանել առաջնահերթությունները։

 

 

Լրահոս
0