ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին հանդիպում կունենա Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և Ուկրաինայի, Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցեր կքննարկի։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխգործակցության հարցը, միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, ներառյալ՝ իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում»,- նշված է ՌԴ արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ ։
Նշված է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրի արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: