ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի- Sputnik. Քառօրյա պատերազմի ժամանակ և դրան հաջորդած օրերին գնդակոծված ԼՂՀ Թալիշ գյուղի վերականգնումը և թալիշցիների վերադարձը հենց իրենց գյուղ առաջնահերթություն է, ասաց Արտակ Բեգլարյանը։
Այդուհանդերձ, այս պահի դրությամբ կառավարությունը և հենց թալիշցիները գտնում են, որ դեռևս չարժե վերադառնալ, հայտնեց նա` ավելացնելով, որ պետք է ժամանակավոր, միջնաժամկետ ինչ-որ լուծում գտնել։

«Նրանց առաջարկում ենք բնակվել Շուշիում, Ալաշամում, ևս 2-3 գյուղում տների կառուցման գործընթացն ավարտվում է, տարբեր թաղամասեր են կառուցվում, որոնք հետագայում մոտակա ամիսներին կամ շաբաթներին նրանց կառաջարկվեն, մի մասին կտեղավորենք այդ տներում»,- հայտնեց Բեգլարյանը։
Նրա խոսքով` վերաբնակեցված թալիշցիներին կտրամադրվի բնակարան, աջակցություն կցուցաբերվի աշխատանքի հարցում, կփոխհատուցվի տեղահանման ընթացքում պատերազմական գործողությունների պատճառով ունեցած վնասներն ամբողջովին, «մի բան էլ ավելի»:
«Խոսքը բոլոր թալիշցիների մասին է, նաև նրանց, ովքեր Հայաստանում են ապաստան գտել: Մեզ համար նախընտրելի է, որ բոլորը վերադառնան Արցախ, այդ թվում՝ Հայաստանում ապաստանած թալիշցիները»,- ընդգծեց Բեգլարյանը:
Խոսելով մեկ այլ տուժած բնակավայրի` Մատաղիսի մասին` Բեգլարյանը նշեց, որ այնտեղ լուրջ խնդիր չկա, և այս պահի դրությամբ մատաղիսցիները հիմնականում վերադարձել են և անցել բնականոն կյանքին:
«Այստեղ էլ նրանց աջակցելու ենք, իրականացնելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրեր, փոխհատուցելու ենք վնասները, բայց նրանց վերաբնակեցման մասով ոչ մի կարիք չկա: Իրենք բնակվում են իրենց տներում»,- նշեց խոսնակը:
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։