Սարգսյան. «Ադրբեջանն իր արածները քողարկելու համար մեզ է քննադատում»

© Sputnik / МИД НКРМечеть в Шуши. Нагорный Карабах
Мечеть в Шуши. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանցիների հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի, և նրանք ցանկանում են արդարացնել իրենց գործողությունները հայկական հուշարձանների նկատմամբ, վստահեցնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, պահպանման և վերականգնման բաժնի պետը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հավասար ուշադրություն են դարձնում հայկական և մահմեդական պատմամշակութային հուշարձաններին, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, պահպանման և վերականգնման բաժնի պետ Սլավա Սարգսյանը:

«Մեր ցանկում 48 մահմեդական հուշարձան կա, չենք կարող ասել` արդյո՞ք դրանք կապ ունեն Ադրբեջանի հետ, թե ոչ, պարզապես մահմեդական են: Մեծ մասը փոքր մեդրեսեներ (հոգևոր կրթարաններ), աղոթատեղիներ են, որոնք կենտրոնացած են Շուշիում», — ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ այդ հուշարձանների հետ կապված որևէ խտրականություն չկա, ավելին` որոշ հուշարձաններ նույնիսկ ավելի լավ վիճակում են, քան հայկականները: ԼՂՀ-ն չի կարող միանգամից լուծել բոլորի պահպանության և վերականգնման հարցերը:

Չնայած դրան, ըստ Սարգսյանի, որոշ աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են:

«Իրանից մասնագետներ են եկել, որոնք չափագրական աշխատանքներ են կատարել, որպեսզի սկսվի Շուշիի վերին մզկիթի վերականգնումը: Նախագիծն արդեն կազմած է, ներկայացվել է գիտխորհրդի հաստատմանը», — նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով` հավասար ուշադրություն են արժանանում պատմամշակութային բոլոր հուշարձանները՝ թե՛ հայկական, թե՛ մահմեդական:

Город Степанакерт. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանը հերթական մերկապարանոց մեղադրանքն է ներկայացրել

Սարգսյանն ընդգծեց, որ ադրբեջանցիների հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի, որպեսզի արդարացնեն իրենք գործողությունները հայկական հուշարձանների նկատմամբ:

«Նախիջևանում, Հյուսիսային Արցախում հուշարձան չի մնացել, բոլորն ավերակ են դարձել: Իրենց արածները քողարկելու համար մեզ են քննադատում», — շեշտեց Սարգսյանը:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրև թե օգտագործվում են ռազմական նպատակներով։

Նախօրեին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը մեկնաբանել է այդ հայտարարությունը` նշելով, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը

 

Լրահոս
0