Ֆարմանյան. «Հայ–ռուսական հարաբերությունները խնամքի կարիք ունեն»

© Личная страница в FacebookСамвел Фарманян
Самвел Фарманян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին շրջանում շատ է խոսվում հայ–ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին։ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է երկու երկրի դաշնակցության ու հարաբերությունների հետագա զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործակցությունը բխում է երկու երկրի արմատական շահերից, նման համոզմունք ունի Սամվել Ֆարմանյանը։ ԱԺ պատգամավորը նշում է, որ վերոնշյալ դաշինքն այլընտրանք չունի, և միաժամանակ չի հերքում, որ ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակության շրջանում որոշակի լարվածություն է նկատվում այն պատճառով, որ Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը զենք է վաճառում նաև Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից շատ ժամանակ չանցած`ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այցելել էր Բաքու և այցի ընթացքում Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության մատակարարումների հետ կապված հարցեր քննարկել: Ավելի ուշ Ադրբեջանին զենք վաճառելու դեմ հայկական կողմի բողոքին Ռոգոզինը պատասխանել էր, որ «ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»: Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է նաև փոխվարչապետի այդ հայտարարությանը։

«Կա չհասկացվածություն, թե ինչպես կարող է պատահել, որ ՌԴ փոխվարչապետը իրեն թույլ տա նման արտահայտություններ, երբ դաշնակից երկրի ժողովուրդը զբաղված է ագրեսիան հետ մղելով։ Բայց երկարաժամկետ հեռանկարում շատ մտահոգության առարկա հանդիսացող զարգացում չեմ տեսնում»,-ասաց նա։

Փոխարենը, ըստ Ֆարմանյանի, հայ-ռուսական հարաբերությունները խնամքով աշխատանք են ենթադրում, ու այդ աշխատանքները պետք է լինեն երկկողմ ջանքերով։ Ֆարմանյանը վստահ է, որ եղած խնդիրները կկարգավորվեն ապագայում։

«ՌԴ-ն մեծ գերտերություն է` իր ուրույն աշխարհաքաղաքական շահերով, իր հավակնություններով և այդ ճանապարհին հարաբերությունների շատ լայն, ընդարձակ քարտեզով, որը ենթադրում է հարաբերություններ կամ դրա բացակայություն պատմության այս կամ այն փուլում»,- ասաց Ֆարմանյանը։

Ֆարմանյանի համոզմամբ` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնք «մեծ հաշվով ժառանգել են մեզ», լուրջ խնամքի կարիք ունեն։

«ՌԴ տարբեր տրամաչափի պետական պաշտոնյաներ իրենց հռետորաբանությունը վերանայելու կարիք ունեն, ինչը երբեմն, ինչպես ասում են, յուղ է լցնում կրակի վրա և բացարձակ անհիմն է թվում»,-ասաց նա։

Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս նույնպես անդրադարձել էր հայ-ռուսական հարաբերություններին` ընդգծելով, որ դրանք բիզնես հարաբերություններ չեն, միայն խոսքով դաշնակցային հարաբերություններ չեն, դրանք նաև իրավապայմանագրային հիմքեր ունեն, և դա ակնհայտ է բոլորի, ներառյալ՝ Ադրբեջանի համար։ Նախարարը հիշեցրել էր ՀԱՊԿ գործընկերությունը, Ռուսաստանի հետ ունեցած բազմաթիվ պայմանագրերն ու Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման փաստը։

Լրահոս
0