Խաղաղության թայը

© Moto KievСолдатские ботинки
Солдатские ботинки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քեֆից ժամեր առաջ նկատեցի, որ «տեղ գնալու» կոշիկիս կրունկը փոքր-ինչ վնասվել է: Տարբերակները երկուսն էին՝ կամ պիտի հագնեի կոշիկներիս մյուս՝ առօրյա զույգը, կամ էլ շտապեի դիմելու ամենահաս կոշկակարի շուտափույթ օգնությանը:

Կոշկակարի խցիկի դիմաց վաղուց հերթ չէի տեսել: Ու թեպետ ընդամենը մի կին էր ինձ հետ սպասում դռան վրա կախած «կլինեմ 10 րոպեից» ցուցանակի հեղինակին, մեկից ավելի սպասողների թիվը կոշկակարի մոտ արդեն իսկ հանդիսանում է խցանման պատճառ ` հաշվի առնելով անմիջանցք խցիկի չափսերն ու սոսնձահոտ տոթը:

Շատ էի շտապում ու առաջինն էլ ես էի եկել, բայց տեսնելով կնոջ ձեռքի զինվորական ճտքակոշիկը, հերթի առաջնագիծը զիջեցի առաջնագծի զինվորի մայրիկին:

Մինչ կոշկակարի գալը տիկինը պատմեց, որ որդին ծառայում է Մատաղիսում, երբեք չի գանգատվել, ոչինչ չի խնդրել տանից, և սա առաջին դեպքն է: Սահմանապահ զինվորը մորը ծանրոց է ուղարկել, որի մեջ ընդամենը մեկ զինվորական կոշիկ է եղել, որը և խնդրել է նորոգել:

Մայրը երկու ձեռքով նշխարի պես բռնել էր որդու մաշված ոտնամանն ու շփոթահար պատմում էր, որ ծանրոցը բացելուն պես սկսել է արտասվել` տեսնելով կոշկատակի՝ արդեն ներբանին հարող մաշվածությունը:

Մաշվել էր շերտ առ շերտ, իսկ շերտերը նման էին ծերունու կնճիռների, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր մի սրտատրոփ դրվագ, մի չարքաշ փորձություն, մի փորած խրամատ, մի դիրքային առաջխաղացում կամ էլ` փրկարար նահանջ:

Մայրն ասաց, որ ճիշտ այս տակացուի պես էլ մաշվել էր իր սիրտը, նույնպես շերտ-շերտ՝ քառօրյայի ամեն ժամով, ամեն հայտարարված մահագույժով, ամեն կորցրած ու հետ բերված դիրքով, ամեն անպատասխան զանգով ու անավետիս գիշերով:

Հիմա բերել էր նորոգելու անտրտունջ որդու հալումաշ կոշիկը, բերել էր իր հալումաշ սրտով, որը գոնե մասամբ նորոգվել էր զինադադարի լուրով…

Կոշկակարը եկավ և մենք մտանք ներս ու կոշկակարի սեղանի վրա իրար կողք կողքի դրված էին իմ` քեֆի պատրաստվող, փայլուն կոշիկն ու այդ քեֆի անդորրը պահպանող մեր խաղաղության քրքրված թայը:

Լրահոս
0