Հրացանի զարկերով, ՀՀ օրհներգի ներքո. վերջին հրաժեշտը Արթուր Վանոյանին

© Асатур ЕсаянцПохороны Артура Ванояна
Похороны Артура Ванояна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 20-ին հարազատներն ու ծառայակիցները վերջին հրաժեշտը տվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՀՀ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին: Հուղարկավորության վայրում ներկա չէր ո՛չ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ո՛չ էլ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Արթուր Վանոյանին հրաժեշտ տալու էին եկել ոստիկանության ներկայացուցիչներն ու մարտական ընկերները: Հայտնի է, որ նա մասնակցել է Արցախյան ազատամարտին ու նաև վերջերս՝ քառօրյա պատերազմին:

Ընկերները Sputnik Արմենիային պատմեցին, որ Վանոյանը պատրաստվում էր օգոստոսին ամուսնացնել ավագ որդուն: Ուրախ տրամադրությամբ է աշխատանքի գնացել:

«Վանոյանին ճանաչել եմ 90-ականներից, ձայնագրություններով հետ գնացեք, կտեսնեք՝ ապրիլյան պատերազմի ժամանակ որտեղ էր Վանոյանը. ես մեկնաբանելու ոչինչ չունեմ»,- ասաց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը:

Վանոյանի մարտական ընկերներից մեկն էլ՝ Արթուր Խաչատրյանը մարտական ընկերոջը ներկայացրեց որպես պետության նվիրյալ ու լավ հայր: Նա մեկնաբանեց նաև այն գործողությունները, որոնց ժամանակ զոհվեց Վանոյանը:

«Այս ազգի համար, պետականության կառուցման համար հազարավոր տղաներ են իրենց գլուխը խոնարհել, այդ թվում և Վանոյանը: Նեգատիվ երևույթներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ պետք է զենք վերցնեն ձեռքը. աշխարհի ո՞ր երկրում չկան խնդիրներ: Նրանք մի օր ուշքի կգան, արկածախնդրությանը վերջ կդնեն, այս ճանապարհը ոչ մի տեղ չեն տանի, նեգատիվ երևույթները զենքով չեն լուծվում»,- ասաց Խաչատրյանը:

Վանոյանի մարտական ընկերներից մյուսն էլ՝ Մելիքսեթ Մանուկյանը ձեռնպահ մնաց գնահատականներից կամ եղածին ճիշտ ու սխալ գնահատական տալուց: Ցավում է զոհված ոստիկանի համար, բայց միաժամանակ հասկանում է, որ ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբի համբերության բաժակը լցվել է:

«Ես վերևի մարդ չեմ, սովորական զինվոր եմ իմ ազգի համար, քաղաքականությանը չեմ խառնվում: Բայց վերևում թող մտածեն, որ հողեր են հանձնում, ինչու՞ են տվել: Մենք հիմա անմեղ զոհ ենք տվել, և դա շատ վատ է»,- ասաց նա:

Արթուր Վանոյանին էլ ներկայացրեց որպես քաջ մարդ, ում ճանաչելն իր համար հպարտություն է: Նա մի մարդ էր, ում ամեն խոսքը հարգանքի էր արժանանում:

Արթուր Վանոյանին հրաժեշտ տվեցին հրացանի զարկերով՝ ՀՀ օրհներգի ներքո:

Հուլիսի 17-ին ծառայության վայրում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից մինչև ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:

Լրահոս
0