ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. ՊՊԾ գնդում տեղի ունեցող դեպքերի շուրջ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության հեղինակը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, որին այս պահին միացել է 14 պատգամավոր: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց պատգամավորի օգնական Հակոբ Սիմիդյանը։
Աժ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի տակ, բացի հեղինակից, ստորագրել են նաև Թևան Պողոսյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, իսկ Էդմոն Մարուքյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում և նախաձեռնությանը միանալու մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:
Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը խոստացել է միանալ նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը: Այս պահին, սակայն, Հակոբ Սիմիդյանի խոսքով` ՕԵԿ խմբակցության պատգամավորները ձևաթղթի տակ չեն ստորագրել:
Ըստ Հակոբ Սիմիդյանի` այլ պատգամավորներից ու խմբակցություններից իրենք որևէ տեղեկություն չունեն:
Նիստը հրավիրելու համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն: Ստորագրահավաքի ժամկետն ավարտվում է այսօր 17: 00-ին: