Հրաչ Ռոստոմյան. «Մեր օլիմպիականները մեծ ներուժ ունեն»

© Sputnik / Asatur YesayantsГрач Ростомян в гостях у радио Sputnik Армения
Грач Ростомян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռիոյի օլիմպիական խաղերն ավարտվեցին մեկ ամիս առաջ: Հայաստանի օլիմպիական հավաքականը քսան տարվա ընդմիջումից հետո ոսկե մեդալ վաստակեց: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանի հետ հարցազրույցով Sputnik Արմենիան ամփոփում է 2016 թվականի օլիմպիական փուլը:

Ի՞նչ գնահատական կարելի է տալ մեր մարզիկների ելույթներին, ի՞նչ դասեր քաղեցինք ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ կապված միջադեպից, ի՞նչ խնդիրներ ունեն հայ մարզիկները: Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանն այս և այլ հարցերի շուրջ զրուցում է Հրաչ Ռոստոմյանի հետ:

-Պարոն Ռոստոմյան, կարելի՞ է ասել, որ Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը հասավ իր նպատակին:

— Օլիմպիական կոմիտեն մեր մարզիկների ելույթներին գերազանց գնահատական է տվել: Կարողացանք ոսկե մեդալ նվաճել, բացի այդ ունեցանք նաև երեք արծաթե մեդալ: Խաղերի ընթացքում համոզվեցինք, որ կարող էինք ավելիին հասնել, եթե ինչ-որ տեղ բախտը ժպտար, ինչ-որ տեղ էլ մեր մարզիկները ցույց տային այն, ինչին պատրաստ էին: Մեդալ կարող էին նվաճել ըմբիշներ Լևան Բերիանիձեն ու Արսեն Ջուլֆալակյանը, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: Ընդ որում, Մերդինյանը շատ մոտ էր մեդալին, բայց վերջին էլեմենտը կատարելիս թերացավ ու կորցրեց մեդալը: Եթե չլիներ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը, մեր մարզիկը հաստատ մեդալակիր կդառնար: Ցավոք, տվյալ դեպքում սպորտային բախտը երես թեքեց մեր ծանրորդից:

-Ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ տեղի ունեցածն ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Մրցավարների լկտի պահվածքի ու որոշումների պատճառով մեզանից պարզապես խլեցին ոսկե մեդալը: Ու ասեմ, որ մեդալների հանձնման արարողության ժամանակ ամբողջ դահլիճը սուլում էր սերբ ըմբիշին: Շատ կարևոր է, որ դա մեր կողմից չէր արվում: Նույնիսկ թուրքերն ու ադրբեջանցիներն անարդարության գագաթնակետը համարեցին մրցավարների որոշումը: Բոլորն անխտիր չեմպիոն էին համարում մեր մարզիկին: Ասեմ, որ այս միջադեպը մեզ համար նաև ուսուցողական էր: Ուզում եմ առանձին անդրադառնալ Արթուր Ալեքսանյանին, որն իր 24 տարիների ընթացքում արդեն հասցրել է աշխարհահռչակ մարզիկ դառնալ: Արդեն օլիմպիական խաղերի ոսկե ու արծաթե մեդալակիր է: Արթուրը լեգենդար մարզիկ դառնալու բոլոր շանսերն ունի և կարող է հավասարվել հայտնի ըմբիշներ Ալեքսանդր Կարելինին ու Բույվասար Սայթիևին:

-Այսինքն ի՞նչ հետևություններ արեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

— Այն, որ մենք մեր մարզիկների համար ամեն ինչ անում ենք, նորություն չէ: Բացի այդ, մենք հիմա պետք է աշխատենք մրցավարական բոլոր հանձնաժողովներում ունենալ մեր ներկայացուցիչը: Օլիմպիական խաղերի ընթացքում այս գործոնը շատ կարևոր է, և մենք այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ ենք տանում:

-Հաշվի առնելով մեր նվաճումները՝  ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան: Չէ՞ որ արդեն շահագործման է հանձնվել Օլիմպիական հավաքականների կենտրոնը, որտեղ պայմաններն իդեալական են:

— Շատ կարևոր կառույց է մեր մարզիկների համար, և իսկապես այնտեղ ամեն ինչ անթերի է: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր բնավորությամբ մաքսիմալիստ է, և կառուցելու ընթացքում մենք արեցինք այն, ինչ թույլ է տալիս մարդկային երևակայությունը: Հրավիրեցինք տարբեր մարզաձևերի մարզիչների և արեցինք այնպես, ինչպես ուզում էին նրանք: Այս կառույցը շատ մեծ խթան է հանդիսանալու հայ օլիմպիականների համար:

-Մեկ ամսից մի փոքր շատ ժամանակ է անցել օլիմպիական խաղերի փակումից: Կարելի՞ է ասել, որ նոր ցիկլն արդեն մեկնարկել է:

— Այո, այդպես է: Շատերը մտածում են, որ մենք քառամյա ծրագրով ենք նախապատրաստվում օլիմպիական խաղերին: Բայց ասեմ, որ մեր ծրագիրը նախատեսում է վեց տարի: Այսինքն կան մարզիկներ, որոնք Տոկիոյի խաղերին սկսել են նախապատրաստվել դեռևս երկու տարի առաջ: Դե 15 տարեկան պատանին նախապատրաստվելով 21 տարեկանում արդեն կարող է հասնել հաջողությունների: Ընդ որում, մեր օլիմպիական հավաքականի մարզիկների մեծամասնությունն ու մասնավորապես մեդալ վաստակած մարզիկների տարիքը շատ ուրախացնող է: Բոլորն էլ երիտասարդ են ու կարող են ոչ միայն Տոկիոյում, այլ նաև հաջորդ՝ 2024 թվականի օլիմպիական խաղերին մասնակցել:

-Այսօր սպորտի ու տարբեր մարզաձևերի զարգացման համար շատ կարևոր գործոն է ֆինանսների առկայությունը: Ինչպե՛ս եք այդ խնդիրը լուծում:

— Անշուշտ, ֆինանսներն անչափ մեծ նշանակություն ունեն սպորտում, առանց ահռելի գումարներ ներդնելու սպորտը վերածվում է ֆիզկուլտուրայի: Մարզաձևերի ֆեդերացիաների 90 տոկոսն առաջին եռամսյակից հետո ունենում են գլոբալ ֆինանսական ճեղքվածք: Այդ խնդիրը լուծվում է անհատների՝ ֆեդերացիաների որոշ նախագահների ու ՀԱՕԿ նախագահի անձնական միջոցների շնորհիվ:

-Մենք ունեինք նաև մարզիկներ, որոնց հետ կապված մեծ հաջողությունների չէինք սպասում դեռ խաղերից առաջ: Ի՞նչն էր պատճառը:

— Համաձայն եմ, որ այդ մարզաձևերում մենք ոչ մի ակնկալիքներ չունենք: Եվ պատճառները տարբեր են: Ինչպե՞ս կարելի է լողի հետ կապված սպասելիքներ ունենալ, եթե մենք չունենք 50 մետրանոց լողավազան: Աթելտիկան էլ զարգացնելու համար շատ լուրջ պայմաններ են հարկավոր: Սակայն նշեմ, որ մենք կարող ենք զարգացնել ջրացատկը. Այստեղ մենք ավանդույթներ ունենք: Արվել է ու արվելու է ամեն ինչ հայ օլիմպիականների հետագա նվաճումները ապահովելու համար: Հուսով եմ՝ ապագայում մեդալներ կունենանք նաև այլ մարզաձևերում:

Լրահոս
0