Աշոտյան. ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ-ն վերլուծել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններն ու եզրակացրել`քաղաքական մշակույթը Հայաստանում էապես փոխվել է: Իսկ փոփոխության հիմնական հեղինակը ՀՀԿ-ն է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Գյումրու և Վանաձորի ընտրությունները քաղաքական ուժերի համար փորձադաշտ էին գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն նաև վերլուծել է ընտրությունների արդյունքներն ու եզրակացրել՝ հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում ՀՀԿ-ն ստացել է ժողովրդի վստահության քվեն և ՏԻՄ-ում ունենալու է իր ենթաթիմերը: Ինչ վերաբերում է մրցակից քաղաքական ուժերին, քաղաքական դաշտի հնաբնակները, ըստ ՀՀԿ փոխնախագահի` վերահաստատեցին իրենց դիրքերը:

«ԲՀԿ-ն վերահաստատեց իր մրցունակ քաղաքական ուժ լինելը Գյումրիում և կարողացավ ապահովել սեփական ներկայացվածությունը Վանաձորում, ՙՀայկական վերածնունդ՚ կուսակցությունը նույնպես շատերի համար անսպասելի հաջողություն գրանցեց՝ 2 քաղաքներում գրավելով 3-րդ տեղը»,- ասաց Աշոտյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին, Արմեն Աշոտյանի խոսքով` այս կուսակցությունը ևս ընտրություններին հավուր պատշաճի էր ներկայացել, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության երկրորդ քաղաքում ՀՅԴ-ն չկարողացավ մտնել ավագանի:

Անդրադառնալով նորաստեղծ կուսակցություններին, Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն ողջունում է «Գալա» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մուտքը քաղաքականություն և փաստում, որ դրանց հաջողություններն առայժմ միայն երկու քաղաքներով են սահմանափակվում: Հանրապետության այլ համայնքներում այս կուսակցությունների թեկնածուները պարտվել են: Իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունն, Աշոտյանի բնորոշմամբ, «ձախողվեց դեռ չծնված»:

65-летие Андраника Маргаряна. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. ՀՀԿ-ի հաղթանակը սպասելի էր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ 292 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն ավելի քան 60% ձայն է ստացել: 2-րդ տեղում անկուսակցական թեկնածուներն են, որոնց մեծ մասին, ի դեպ, ևս սատարել է ՀՀԿ-ն: Բացի այդ, չի բացառվում, որ անկուսակցականները մոտ ապագայում դառնան կուսակցականներ: Այսպես, սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո ընտրություններում հաղթած անկուսակցական 20 թեկնածու դիմում էր ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար: Թե քանի համայնքի ղեկավար է այս անգամ կուսակցական դառնալու դիմում ներկայացրել, Արմեն Աշոտյանը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ այդպիսիք կան:

Վանաձորում ՀՀԿ-ն նախնական տվյալներով շուրջ 40% ձայն է հավաքել, ուստի ստիպված կլինի որևէ այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմել, որպեսզի կարողանա Վանաձորում քաղաքապետ նշանակելու հնարավորություն ստանալ: Ընդդիմադիր կուսակցություններն արդեն քննարկում են ՀՀԿ-ի հետ դաշինք չկազմելու և իշխող կուսակցությանը Վանաձորում ընդդիմություն դարձնելու տարբերակը: Լրագրողների դիտարկմանը, թե հնարավո՞ր է` հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ-ն ընդդիմություն դառնա, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ինչու՞ միայն Վանաձորում, մի գեղեցիկ օր մենք կարող ենք հանրապետությունում ընդդիմություն դառնալ: Կարծում եմ` հանրապետությունը դրանից միայն կշահի, ինչպես շահում է մեր այսօրվա իշխանություն լինելուց»:

Ինչ վերաբերում է դաշինք կազմելուն, որպես համագործակցության ամենահավանական թեկնածու, Արմեն Աշոտյանն այսօր նշեց միայն Դաշնակցությանը:

Լրահոս
0