Քաղաքական ուժերն ավանսով կվստահեն ԿԸՀ-ին. ԱԺ-ն նոր հանձնաժողով է ընտրում

© Пресс-служба НС РАНациональное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահմանադրության փոփոխություններից հետո ԱԺ-ն առաջին անգամ պետք է ԿԸՀ նոր կազմ ընտրի: ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովն առաջադրել է ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Երկար քննարկումներից հետո ԱԺ-ն այժմ փակ գաղտնի քվեարկությամբ պետք է կողմ կամ դեմ քվեարկի ԿԸՀ գործող կազմի վերանշանակմանը:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Մինչ քվեարկությունը ԱԺ-ի պատգամավորները առիթն օգտագործեցին և իրենց ընտրական փորձի հիման վրա հիմնված դժգոհություններ ներկայացրին ընտրական համակարգից: Բայց հնչած դժգոհությունները հիմնականում ոչ թե Կենտրոնական, այլ ընտրատարածքային ու տեղամասային հանձնաժողովներին էին վերաբերում: Ելույթ ունեցած մի շարք պատգամավորների համաձայն` ընտրությունների արդյունքները կեղծվում են ոչ թե ԿԸՀ-ի, այլ ավելի ցածր օղակների կողմից:

«Երկար տարիներ կա միֆ, որ ԿԸՀ-ում նստած են մարդիկ, որոնք նկարելու լուրջ ունակություններ ունեն,- իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։- Այդ միֆը երկար ժամանակ պահպանվում է, ու մարդիկ հավատում են, որ ընտրությունների ճակատագիրը որոշվում է ԿԸՀ-ում: Բայց իրականում այդպես չէ: Ընտրությունների ճակատագիրը որոշվում է տեղերում` ՏԸՀ-ներում և ԸԸՀ-ներում»:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն իր ելույթում նշեց, որ իր փորձը ևս վկայում է, որ լրջագույն խախտումները տեղի են ունենում հենց ընտրատարածքներում, առավել ևս` տեղամասերում:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, թեև չմեղադրեց ԿԸՀ-ին, բայց և չժխտեց, որ ընտրական գործընթացում խնդիրներ կան: Եվ քանի որ դրանց պատասխանատուն ԿԸՀ-ն է, դրանք լուծելու համար, պատգամավորի համոզմամբ, հանձնաժողովը պետք է օրենքով օժտվի առավել լայն կարողություններով ու գործիքներով:

Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Իշխանությունը գոհ է ԿԸՀ-ից և մտադիր չէ փոխել Մուկուչյանին

«Ես համաձայն եմ հնչած այն կարծիքների հետ, որ այս մարդիկ ոչինչ չեն որոշում,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը,- ընտրակեղծարարությունը ոսկերչական մակարդակի հասած կատարվում է տեղերում, ՏԸՀ-ներից էլ դեռ շատ առաջ, երբ աշխատում է արատավոր մեխանիզմը»:

Այս կարծիքին հակառակվեց միայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որը կատարված կեղծիքների համար մեղադրեց ոչ միայն ԿԸՀ-ին ու հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, այլև խորհրդարանական գործընկերներին:

«Տիգրան Մուկուչյանին վաղուց տրված է գլխավոր թվանկարչի անպատվաբեր տիտղոսը»,- ասաց Զուրաբյանը` նշելով, որ դրանով է պայմանավորված նաև հասարակության անվստահությունը ընտրությունների ու իշխանությունների նկատմամբ:

Այնուամենայնիվ, խորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ` ՀԱԿ-ի, ԱԺ-ում հայտարարեց, որ մտադիր է, Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ, «ավանսով վստահել ԿԸՀ-ին»` միաժամանակ հորդորելով հետագայում ուշադրության արժանացնել ու լուծում տալ իրենց մատնանշած խնդիրներին:

Դահլիճում հնչած ելույթներից հետո պատգամավորները շտապեցին միջանցք, որտեղ նախատեսված է փակ գաղտնի քվեարկությունը:

Լրահոս
0