ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Այսօր միջոցառումները հիմնականում լինելու են Երևանի փոքր կենտրոնում և Էրեբունի վարչական շրջանում։ Միջոցառումներն սկսվելու են առավոտյան ժամը 10:00-ից, տևելու են մինչև 22:00-ն: Եթե նախկինում քաղաքի տոնը նշվում էր երկու օր, ապա այս տարի այն կնշվի մեկ օր։ Բացի այդ, չեն լինի Հանրապետության հրապարակի գալա համերգը, Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող բեմականացում-միջոցառումը:
Միջոցառումներն սկսվելու են ջրցան մեքենաների շքերթով, ավարտվելու են տոնական հրավառությամբ, ջազի հարթակ է լինելու, մարզական միջոցառումներ են լինելու, Երևանին կշնորհավորեն մարզերի մշակութային համույթները։ Հիմնական հարթակներն են Ազատության հրապարակը, Ազնավուրի հրապարակը և այլ հրապարակներ ու պուրակներ:
Նշենք, որ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով այսօր ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.
Ժամը 07։00 — 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:
Ժամը 11։00 — 14։00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:
Ժամը 13։00 — 23։00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում: