Հայաստանը ծերացած է, բայց ոչ անհուսալի

© PhotolureГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2008թ-ին Հայաստանում օտարերկրյա ներդրումները կազմում էին ՀՆԱ-ի 8,7 տոկոսը, 2014-ին՝ 3,7 տոկոսը, այս տարի՝ 1,7 տոկոսը: ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի համոզմամբ` այս ցուցանիշները վկայում են, որ մեր երկիրը տարեցտարի կորցնում է իր գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանն արտաքին շուկաներում ներկայացվելու կարիք ունի: ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ մեր երկիրը կորցրել է օտարերկրյա ներդրողների համար երբեմնի գրավչությունը և կարիք ունի նորովի ներկայանալու աշխարհին: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության այցն ԱՄՆ ինչ-որ չափով կարող է նպաստել ներդրումների ակտիվացմանը, քանի որ երկրի առաջին դեմքով նման ֆորումներում հանդես գալը նաև որոշակի երաշխիքներ է ենթադրում պոտենցիալ ներդրողների համար:

Նյու Յորքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական ու քաղաքական առաջնահերթություններին - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը բացել է Հայաստանի դարպասները մեծ շուկաների առջև

«Դրական է, որ Հայաստանը ևս մեկ անգամ ներկայացվեց բարձր մակարդակով, ներկայացրեց իր հնարավորությունները՝ ԵՏՄ-ի հետ կապված, ԵՄ-ի, GSP+ համակարգի հետ կապված և այլն»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ ավելացնելով, որ մեր երկրի տնտեսական հաջողությունն այս այցից հետո մեծապես կախված է ոչ այնքան ներդրողներից, որքան ՀՀ իշխանությունների որդեգրած ճիշտ քաղաքականությունից: Մեր երկիրը նախ պետք է կարողանա ներդրողներին ներկայանալ գրավիչ առաջարկներով:

«Իմ կարծիքով ամենակարևորը պետք է լինի աշխատուժի արտադրողականությունը, որակը: Մենք դեռ լուրջ անելիքներ ունենք կրթական համակարգում: Այսօր երկրները ներդրումներ են անում այն երկրներում, որտեղ աշխատուժը որակյալ է և էժան: Մենք այդ մասով պիտի գոնե ինչ-որ մի առավելություն ձեռք բերենք,- ասաց նա։- Հայաստանի աշխատուժն այսօր ծերացած է և՛ տարիքային, և՛ արտադրողականության, և՛ նոր, մոդեռն գործիքների կիրառման տեսանկյունից: Մենք շատ հնացած ենք, ՀՀ-ում մեկ անձի արտադրողականությունը տարեկան 8600 դոլար է, երբ Եվրոպայում 110-120 հազար է»։

Նրա խոսքով` այս խնդիրը լուծելու հարցում մեծ անելիքներ ունի ՀՀ կառավարությունը՝ կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի, գործարար միջավայրի բարելավման, ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման և այդ բնագավառում կրթության որակը բարձրացնելու տեսանկյունից:

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` Հայաստանն օտարերկրյա ներդրողներին կարող է գրավել նաև ՌԴ-ի, ԵՏՄ-ի և ԱՄՆ-ի կամ ԵՄ երկրների միջև տնտեսական միջնորդի դեր ստանձնելով:

«Քանի որ Ռուսաստանը սուր կոնֆլիկտի մեջ է ԱՄՆ-ի հետ, բավական լարված հարաբերությունների մեջ է նաև ԵՄ երկրների հետ, իսկ Հայաստանն այս տեսակետից բավական լավ հարաբերվում է և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ համոզմունք հայտնելով, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում մեր երկիրը կարող է դառնալ այս երկրների միջև տնտեսական համագործակցության «նիզակի ծայրակալը»:

Լրահոս
0