Բաց նամակ աշխարհին. Գլոբալ հայերի ապագան այսօր է

© Pixabay / fillПисьмо, ручка, договор, подпись
Письмо, ручка, договор, подпись - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակի տակ ստորագրել են տարբեր երկրներում բնակվող անվանի հայերը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Նամակը հրապարակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով: Այն ստորագրել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շառլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և ուրիշներ։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Ժամանակին հալեպահայերն էին օգնում հայությանը, այսօր նրանք փրկության կարիք ունեն

Նամակում նշված է, որ այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձևելու համար և մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:

«Հայաստանում և Սփյուռքում ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար հիմնված ՀԲԸՄ-ն տարիների ընթացքում խթանել է սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները և աշխարհով մեկ հոգացել կրթական, մշակութային և մարդասիրական կարիքները: Մենք շնորհավորում ենք ՀԲԸՄ-ին Սփյուռքի համայնքներում հայկական ինքնության պահպանման գործում անգնահատելի դերի կապակցությամբ»,- նշված է նամակում:

Ուղերձի հեղինակները նշում են, որ նախնիների հողից բռնի տեղահանված աշխարհասփյուռ հայերն իրենց ապաստան տված երկրների զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել: Մենք վաղուց սովորել ենք ինտեգրվել մեզ հյուրընկալած երկրներում և հավատարիմ քաղաքացիներ լինել՝ Հայ եկեղեցու և քրիստոնեական մեր հավատքի միջոցով պահպանելով պատմական ինքնությունը և լեզուն:

«Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռևս խոցելի է, ինչպես և հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք և սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջևում նաև աննախադեպ հնարավորություն ենք տեսնում»,- նշված է տեքստում:

Նամակի հեղինակների կարծիքով` դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ և առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է: Ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլև վերածնվելու և առաջ գնալու հնարավորությունն է: Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլև երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:

«Անհատական ջանքերից բացի, մենք ցանկանում ենք բոլոր հայորդիների և հայկական կազմակերպությունների միջև համագործակցության և համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային և տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը»,- նշել են նամակի հեղինակները

Նրանք կոչ են անում այս ուղերձին արձագանքել Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով:

Նամակը եզրափակվում է այսպես. «Միասին մենք «Գլոբալ հայերն» ենք: Եկել է ժամանակը, որ գլոբալ հայերը հանդես գան համարձակ նախաձեռնությամբ»:

Ամբողջական տեքստը կարող եք ընթերցել այստեղ։

Լրահոս
0