ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
«ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան լինելը շատ կարևոր է ինձ համար։ Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ երեխաներին։ Բոլոր երեխաներն էլ օգնության կարիք ունեն: Սկզբում կօգնեմ իմ խորհուրդներով, իսկ հետագայում պատրաստ եմ ամեն ինչ անել, խնդիր չկա»,- ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ին ֆուտբոլիստները մեծ օգնություն են ցուցաբերում, օրինակ, Լիոնել Մեսին Արգենտինայի կազմակերպությանը ֆինանսական մեծ օգնություն է տրամադրում, ինքը և՞ս նման նպատակ ունի, նա նշեց, որ նշանակվել է բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանա օգնել:
«Ճիշտ է` Մեսիի չափ գուցե չկարողանամ օգնել, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել»,- ասաց Մխիթարյանը:
Ֆուտբոլիստը նշեց, որ ըստ նախնական պայմանավորվածության` ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցառումները կազմակերպվելու են այն ժամանակ, երբ ինքը լինի արձակուրդում։
«Երբ լինեմ Հայաստանում, կլինեմ նրանց տրամադրության տակ»,- հայտնեց նա:
Մխիթարյանը պատասխանեց նաև այլ հարցերի։ Մասնավորապես` նշեց, որ Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանն իր համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ` լավագույնը:
«Նա լավ է հասկանում ֆուտբոլը, կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին ինչ-որ բան տալ»,- ասաց նա:
Անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդում» իր դերին` Մխիթարյանը նշեց, որ ամեն ինչ շատ լավ է:
«Ճիշտ է` քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չէ: Երկար ճանապարհ եմ անցել այնտեղ հասնելու համար, ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ իմ ուզածին հասնելու համար»,- ասաց Մխիթարյանը։
Նշենք, որ Մխիթարյանը պաշտոնապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դարձավ Երևանում` ֆուտբոլի ակադեմիայում։ Արարողությանը Մխիթարյանից բացի ներկա էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ խաղաշապիկ։