Հրապարակ. ԱԺ գեներալիտետը դեմ է եղել «1000 դրամների» աղմկոտ նախագծին
«Հրապարակ» թերթը գրւմ է, որ «1000 դրամների» աղմուկ հանած նախագծին ի սկզբանե դեմ է եղել ԱԺ գեներալիտետը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն անգամ զրույց են ունեցել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն անսալով վերջինիս խնդրանքներին` Սարոյանը երեկ ԱԺ-ում «պաշտպանական» ելույթ է ունեցել, իսկ Մանվել Գրիգորյանն անդրդվելի է մնացել։
«Նա մեր լրագրողի հետ զրույցում կցկտուր է արտահայտվել ու փակել է թեման։ «Կարող ա մեկը՝ օրինակ ես, 10 հազար տամ ամիսը, բայց դե՝ պարտադիր… ես հիմա չգիտեմ՝ ով ինչ, բայց դե՝ մի քիչ էլ խղճին մոտիկ պիտի լինի»,- ասել է գեներալը, ապա փոքր-ինչ խմբագրել ինքն իրեն. «Եթե մեր զոհվածի, մեր պաշտպանության համար է, պիտի անենք, անկախ նրանից՝ պարտադիր կլինի, թե ոնց, մի ձև պիտի դարձնենք»»,- գրում է թերթը։
Ժամանակ. Չհասկացվածության քանդած պատը
«Ժամանակ» թերթն անդրադարձել է զոհված կամ վիրավոր զինծառայողների փոխհատուցման ծավալները մեծացնելու համար 1000 դրամի գանձման մասին օրինագծին։ Ըստ թերթի` իշխանության համար դա ամենահեշտ դաշտն է, քանի որ այդ դաշտում գործելու համար իշխանության ռեսուրսները բավականին, անհամեմատ շատ են, քան հանրային այն խմբերինը, ովքեր հանդես եկան նախաձեռնության քննադատությամբ և ընդդիմախոսությամբ: Դրա հետևանքով իսկապես կարևոր, անհրաժեշտ և նույնիսկ ուշացած նախաձեռնությունը «պրիմիտիվացվեց», ինչպես գրեթե միշտ:
«Իշխանությունն այժմ էլ կարող է շատ բարեհաջող բարիկադավորվել, վերականգնել այն պատը, որի քանդելու պատրաստակամության մասին հայտարարում էր 2008 թվականի մարտի 1-ից հետո՝ չհասկացվածության պատը: Սերժ Սարգսյանն այժմ սկսել է այդ չհասկացվածության պատը նորից կառուցել, ինչը չի կարող որևէ լավ տեղ տանել»- գրում է թերթը:
Ժողովուրդ. Դեսպաններն անհանգստացած են հայ-ռուսական համաձայնագրից
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին։ Ըստ այդմ` ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ և համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից։
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք ներկայացնում են արևմտյան ուղղությունը և ԱՄՆ-ն, տեղի իշխանություններից խնդրել են պարզաբանել համաձայնագրի էությունը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում տարբեր ֆորմատների հանդիպումներ կլինեն, որպեսզի հնչեցվեն բոլոր հարցերի պատասխանները։ Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել՝ ինչ է ենթադրում հրամանագիրը»,-գրում է թերթը։
Հայկական ժամանակ. Միհրան Պողոսյանը կարող է պատգամավոր դառնալ
Թերթը գրում է, որ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ և բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանն իր ապագայի վերաբերյալ իշխանությունների հետ փոխհամաձայնության է եկել:
«Օվշորային հայտնի սկանդալից ու ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա ակտիվորեն բանակցել է իշխանությունների հետ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նա դա հաջողել է, պայմանով, որ հանձնել է արագաչափերի և կարմիր գծերի բիզնեսում ունեցած իր բաժնեմասը»,- գրում է թերթը:
Ժողովուրդ. 10-օրյա ժամկետն ավարտվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց: Նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել` հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից և կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական և համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են:
«Մինչդեռ «Սեքյուրիթի Դրիմի» և «Փարքինգ սիթի Սերվիսի» ղեկավարները «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ոչինչ որոշված չէ, ոչինչ ավարտված չէ: Ստացվում է, որ էլի գործ ունենք կամավոր-պարտադիր սկզբունքի հետ. արագաչափերի և կարմիր գծերի «տերերին» կստիպեն հանձնել իրենց բիզնեսը պետությանը և հեռանալ: Բա ասում էին՝ բիզնես չի՞ խլվելու: Չէ՞ որ այս ընկերությունները օրենքով նախատեսված ձևով մրցույթի են մասնակցել, հաղթել ու աշխատում էին պետության սահմանած խաղի կանոններով»,- գրում է թերթը: