ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Նախօրեին Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հաղթող ճանաչված Մարիամ Մամադաշվիլին պատմել է, թե ինչ զգացողություններ է ունեցել այն պահին, երբ հայտարարել են, որ ինքն է հաղթել։ 10-ամյա երգչուհին խոստովանել է, որ միանգամից չի հավատացել իր հաղթանակին, և ժամանակ է պահանջվել սեփական հաջողությունը գիտակցելու համար։
«Շատ ժամանակ պահանջվեց ամեն ինչ հասկանալու համար։ Հաղորդավարներն ինձ ասացին, որ պետք է բեմ դուրս գամ և նորից երգեմ։ Երբ ես հասկացա, որ հաղթել եմ, սկսեցի լացել», — խոստովանեց Մարիամը։
Մարիամը նշել է, որ մրցույթին հետևում է 6 տարեկանից, բայց անգամ պատկերացնել չէր կարող, որ նման բան կարող է պատահել նաև իր հետ։
Մարիամը «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթում ստացավ 239 միավոր և առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Երկրորդ տեղը գրավեց Հայաստանը, երրորդը` Իտալիան։
Մարիամ Մամադաշվիլին երգում է չորս տարեկանից։ Սովորել է «Բզիկեբի ստուդիայում» և Թբիլիսիի Եվգենի Միկելաձեի անվան պետական երաժշտական դպրոցում (դաշնամուրի բաժին), մասնակցել տարբեր համերգների ու հեռուստանախագծերի։ 2014 թվականին Մարիամն Անտոնելիի թատրոնի բեմում «Աննան և ես» ներկայացման մեջ հանդես է եկել արքայադստեր դերում։
«Մանկական եվրատեսիլ» մրցույթում սա Վրաստանի երրորդ հաղթանակն էր։