ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ստաս Նամին Հայաստանում է հայ-ռուսական համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Երաժիշտը Հայաստանում կնշի նաև իր հոբելյանական 65-ամյակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում իր տաղանդաշատ հայրենակցի նկատմամբ, ով մեր ժողովրդի համար բոլոր դժվարին պահերին եղել է նրա կողքին։ Այսօր էլ նա իր հոբելյանը նշում է Հայաստանում՝ բազմաթիվ մշակութային միջոցառումներով բարձրացնելով մարդկանց տրամադրությունը, նրանց հաղորդակից դարձնելով բարձրաճաշակ ստեղծագործություններին:
Նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր տարբեր բնագավառներում Ստաս Նամինի գործունեությունը, ով արժանիորեն շարունակում է իր հրաշալի ընտանիքի լավ ավանդույթները:
Ստաս Նամինն իր համար մեծ պատիվ համարելով Հայաստան այցելությունը՝ ընդգծել է, որ Հայաստանն իր ընկալումներում մշտապես եղել է հեքիաթային երկիր և անկեղծորեն ուրախ է, որ նման հնարավորություն ունի այստեղ ցուցադրելու այն ամենը, ինչով զբաղվում է. «Ես դաստիարակվել եմ հային բնորոշ ոգով և անչափ շնորհակալ եմ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար»,-նախագահի հետ հանդիպմանը նշել է անվանի մշակութային գործիչը: