«Ես՝ որպես ստեղծագործող անձ, որը հեռու-հեռու շրջաններից է եկել, համարում եմ, որ սա մի կարևոր կետ է, որտեղ կարող ես կայանալ և մասնագիտական հաջողությունների հասնել»,- ասում է Վրեժ Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը միջին մասնագիտական օղակում ինքնատիպ հաստատություն է, քանի որ մշակույթի բնագավառի կադրեր է պատրաստում՝ երգիչներ, ռեժիսորներ, դերասաններ և մի շարք այլ մասնագետներ:
Նրա խոսքով՝ ուսումնական հաստատությունը դիմորդների պակաս չունի, որովհետև բոլոր մասնագիտություններն էլ պահանջված են: Վրեժ Կիրակոսյանը վստահեցնում է, որ ստեղծագործող երեխաներն այս ուսումնական հաստատությունում կրթություն ստանալուց զատ, նաև արվեստի ու մշակույթի աշխարհ մտնելու հնարավորություն են ստանում:
«Մենք փորձում ենք ճանապարհ հարթել հատկապես մարզերից եկած երեխաների համար: Ոմանք արդեն մասնակցել են միջազգային մրցումների, տարբեր երկրներում բարձրացրել են Հայաստանի դրոշն ու գլխավոր մրցանակներով վերադարձել հայրենիք»,- ասում է Կիրակոսյանը:
Քոշեջի երաժշտական ֆակուլտետն ամենածավալունն է, ավելի քան 80 ուսանող ունի: Վրեժ Կիրակոսյանը նշում է՝ իհարկե, ոչ բոլորը պրոֆեսիոնալ երգիչներ կդառնան, բայց նրանք հաստատ գրագետ հանդիսատես ու քննադատ կդառնան:
Երևանի մշակույթի պետական քոլեջը հիմնադրվել է 1929 թ. ստեղծված կինոմեխանիկների դպրոցի հիման վրա, որը 1967 թվականին վերակազմակերպվել է Երևանի կինոտեխնիկումի, իսկ 2000 թվականին վերանվանվել «Երևանի մշակույթի քոլեջ» ՊՈԱԿ: Քոլեջում ընդունելությունը գործող մասնագիտությունների գծով իրականացվում է առկա ուսուցման ձևով, ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով, մրցույթային կարգով: Անվճար համակարգում սովորող ուսանողները ստանում են պետության կողմից ֆինանսավորվող կրթաթոշակ: