ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրել էր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրահներից մեկը, որպեսզի ամփոփի եռամսյա գործունեության արդյունքները։
«Ես ձեզ հավաքել եմ այստեղ, որպեսզի ավելի հարմարավետ պայմաններում ամփոփեմ գերատեսչության տարվա և իմ պաշտոնավարման երեք ամսվա արդյունքները։ Ցավոք, մեր նախարարությունում նման պայմաններ չկան»,- ասաց Մարտիրոսյանը` պատասխանելով լրագրողներին հարցին, թե ինչու է ասուլիսը կազմակերպվել երկրի ամենաթանկ հյուրանոցներից մեկի սրահում։
Հատուկ հետաքրքրասերների համար տրանսպորտի նախարարը բացատրեց, որ ԶԼՄ-ների հետ հանդիպումը, որն արժեցել է 880 հազար դրամ, կազմակերպվել է ոչ թե բյուջետային, այլ իր անձնական միջոցներով։
Բյուջետային միջոցներն արդեն սկսել են տնտեսել։ 2017թ-ին նախարարությունը ծրագրում է տնտեսել 740 միլիոն դրամ։
«Հյուսիս-հարավ» և այլ բաներ
Տրանսպորտի նախարարությունում ամենակարևոր նախագծերից մեկը համարում են ««Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցք» ներդրումային ծրագրիր շինարարությունը։
556 կմ երկարությամբ «Հյուսիս-հարավ» միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի և Վրաստանի տարածքով։ Ներդրումային ծրագիրն ուղղված է հյուսիսի (Վրաստանի հետ սահման) և Հայաստանի հարավի (Իրանի հետ սահման) հետ կապի ապահովմանը` տրանսպորտային հաղորդակցությունների և համաշխարհային շուկաներ դուրս գալու միջոցով։
Այս պահին լիովին ավարտվել է առաջին տրանշի շրջանակում իրականացվող շինարարությունը` Երևանից Արտաշատ և Աշտարակ տանող ճանապարհը։ Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 70 միլիոն դոլար։ Երկրորդ տրանշի շրջանակում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում ավարտվել է ճանապարհների բետոնապատումը։ Երրորդ տրանշի շրջանակում հողային աշխատանքներ կիրականացվեն Թալին-Գյումրի ճանապարհահատվածում։
Նախարարությունը մտադիր է մասնավոր հատվածին ընդգրկել «Հյուսիս-հարավ» միջանցքի շինարարությունում, որի նախագիծն անչափ կարևոր է և՛ Հայաստանի, և նախագծում ներառված կողմերի համար։
«Երկրորդ նախագծի շրջանակում մենք իրանական կողմի հետ ծրագրում ենք «Բարեկամության կամուրջ» կառուցել, ինչպես արեցինք Վրաստանի հետ։
Սակայն դա առայժմ խոսակցությունների մակարդակում է, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր դեռ չեն ձեռնարկվել»,- ասաց Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նախարարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում Հայաստան-Իրանը երկաթգծի շինարարությանը, սակայն այդ նախագծի իրագործման համար ներդրումներ են հարկավոր։
Բացի այդ, բաց է մնում այլընտրանքային ճանապարհի շինարարության հարցը, որը կշրջանցի «Վերին Լարս» հսկիչ անցակետը` Հայաստանն ու Ռուսաստանն իրար կապող և Վրաստանի տարածքով անցնող միակ ցամաքային ճանապարհը։
«Դա քաղաքական հարց է։ Մենք կանոնավոր կերպով հետևում ենք Լարսում տիրող իրավիճակին, և այդ հարցում մեզ աջակցում են մեր վրացի գործընկերները», — ասաց Մարտիրոսյանը։
Հայաստանը տարանցիկ երկիր է
Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը շուտով կարող է տարանցիկ երկրի կարգավիճակ ձեռք բերել։ Այդ հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ 2016թ-ի նոյեմբերին Վրաստանի և Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան է տեղափոխվել երկու բեռնարկղ։
«Կոնտեյներները 38 ժամվա ընթացքում Փոթիից երկաթուղով առաքվեցին Հայաստան, ինչը լավ ցուցանիշ է։ Հենց դա մեզ հնարավորություն կտա շուտով բեռնափոխադրումներ իրականացնել Իրանից Եվրոպա և հակառակը», — ասաց Մարտիրոսյանը։
Նախարարը կարծում է, որ դա տարանցիկ երկիր դառնալու հիանալի հնարավորություն է Հայաստանի համար ։
Նախագծերի շարքում պետք է նշել նաև Երևան-Սևան ճանապարհահատվածում երթևեկության 1500 նշանների տեղադրումը։ 2017թ-ին նշաններ կտեղադրվեն նաև ճանապարհների այլ հատվածներում։
Տվյալ պահին գործարկվել է ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման գործընթացը, ինչը թույլ կտա գերատեսչությանն օնլայն հետևել ճանապարհների վիճակին, իմանալ ճանապարհների շինարարության և վերականգնման ամսաթիվը։
Ժամանակի ընթացքում նախատեսվում է թվային տախոգրաֆներ տեղադրել աշխատանքի ռեժիմը և վարորդների հանգիստը կարգավորելու համար, ինչպես նաև աշխատանքներ կտարվեն հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցնելու ուղղությամբ։