Լաուրա Սարգսյան, Sputnik.
Ընդամենը երեք օր է անցել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից, սակայն մեր ժամանակների ամենահակասական քաղաքական գործիչներից մեկն արդեն մտել է ժամանակակից Ամերիկայի պատմության մեջ` «ամերիկյան երազանքը» բաց թողնելով անկանխատեսելի նավարկություն։ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ պարտադրել իր կենսակերպն ամբողջ աշխարհին։
Ինչո՞վ են հայտնի ԱՄՆ նախորդ նախագահները։
«Աստվածավախ և լակոնիկ»
ԱՄՆ առաջին նախագահը Ջորջ Վաշինգտոնն է։ Նա է սկիզբ դրել Աստվածաշնչով երդվելու ավանդույթին։ Երդմնակալության արարողությունից հետո Վաշինգտոնն ավելացրել է «Եվ թող Աստված օգնի ինձ» արտահայտությունը, որը ներառվել է երդման խոսքում։ Վաշինգտոնը հիշվում է իր ամենակարճ ելույթով, ընդամենը` 135 բառ։
«Անհաջողակ հռետորը»
Նախագահ Ուիլյամ Հենրի Հարիսոնը, որը ԱՄՆ-ի 9-րդ նախագահն է, հայտնի է դարձել երդմնակալության ամենաերկար ելույթով, որը տևել է 1 ժամ 45 րոպե։ Այդ ժամանակ առատ ձյուն էր գալիս, իսկ Հարիսոնը փողոցում կանգնել էր առանց վերարկուի։ Նորընտիր նախագահը մեկ ամիս անց մահացավ թոքերի բորբոքումից։ Կենսագիրները նշում են, որ նա մրսել էր երդման արարողության ժամանակ։
«Բարձրահասակ նախագահը»
ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը պետության առաջին ղեկավարն է, որն իր երդմնակալության արարողությանն ընդգրկել է նաև աֆրոամերիկացիներին։ Պատմության մեջ մտել է որպես ամենաբարձրահասակ նախագահ։ Նրա հասակը կազմել է 193 սմ։
«Անուսը, որի բախտը բերել էր կնոջ հարցում»
ԱՄՆ-ի 17-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոնը երբեք չի սովորել դպրոցում, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցրել է խելացի կնոջ` Էլիզ Մարադլ-Ջոնսոնի շնորհիվ։ Նա դարձել է ԱՄՆ-ի առաջին փոխնախագահը, որը երդմնակալության արարողության ժամանակ ելույթ է ունեցել ոչ սթափ վիճակում։
«Նրան Գրովեր կասեն»
Գրովեր Քլիվլենդը դարձել է ԱՄՆ-ի միակ նախագահը, որը երկու անգամ է ընտրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում։ Նա եղել է Ամերիկայի 22-րդ և 24-րդ նախագահը։
«Հին կովբոյը»
ԱՄՆ-ի ամենատարեց առաջնորդը եղել է 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը երդմնակալության արարողության ժամանակ 69 տարեկան է եղել։
«Ամենաերիտասարդը»
ԱՄՆ-ի ամենաերիտասարդ նախագահը դարձել է 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելը։ Երդմնակալության արարողության պահին նա եղել է 42 տարեկան։
«Ծանրակշիռ նախագահը»
ԱՄՆ-ի պատմության մեջ բառի բուն իմաստով ամենածանր նախագահը եղել է Ուիլյամ Հովարդ Թափթը (27-րդը)։ Նա կշռել է 135 կգ։
«Գաճաճը ճնշում էր ինտելեկտով»
ԱՄՆ-ի ամենացածրահասակ առաջնորդը եղել է 4-րդ նախագահ Ջեյմս Մեդիսոնը (1809-1817թթ.), նրա հասակը կազմել է 163 սմ։ Նրա IQ-ն մյուս նախագահներից ամենաբարձրն է եղել։
«Ավելի լավ է` բանաստեղծ լիներ»
Միակ նախագահը, որը գրականության ասպարեզում աչքի է ընկել իր մի քանի վեպով, եղել է 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը (1977-1981թթ.)։
«Նա դաղստանցի՞ է»
ԱՄՆ-ի ամենաբազմազավակ նախագահը եղել է Ջոն Թայլերը։ Նա առաջին ամուսնությունից ունեցել է 8 երեխա, երկրորդից` 7։ Թայլերի 15-րդ երեխան ծնվել է այն ժամանակ, երբ նա արդեն 70 տարեկան է եղել։
«Ամերիկյան կապիտան Նեմոն»
Հարի Թրումենը` ԱՄՆ-ի 33 նախագահը, դարձել է առաջին նախագահը, որի երդմնակալության արարողությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ 1949թ-ին։ Նա նաև առաջին նախագահն է եղել, որը սուզանավ է նստել։
«Երկկենցաղ նախագահը»
ԱՄՆ-ի 6-րդ նախագահ Ջոն Քուինսի Ադամսը շատ է սիրել մերկ լողալ Պոտոմակ գետում, ընդ որում` առավոտյան ժամերին։
«Պարզապես ֆեմինիստ»
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնն առաջինն է եղել, որը երդմնակալության շքերթում ներառել է կանանց։ Նա նաև հայտնի է որպես պատմաբան և քաղաքագետ։1919թ-ին Վիլսոնը դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
«Բնածին ընթերցողը»
Ջիմի Քարտերը` ԱՄՆ-ի 39-րդ նախագահը, միակ ամերիկյան առաջնորդն է եղել է, որը Կապիտոլիում է գնացել ոտքով։ Նա պատմության մեջ մտել է որպես ամենաարագ ընթերցող նախագահ։ Քարտերը մեկ րոպեում կարողանում էր 2000 բառ կարդալ։
«Դե, հուզվում էր…»
Բացի այն, որ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման առաջին սևամորթ նախագահն էր, նա նաև պատմության մեջ է մտել մեկ այլ պատճառով. Օբաման երկու անգամ է կրկնել երդումը սխալի պատճառով։