ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի-Sputnik. Նորանկախ Հայաստանի համար, դժվարին իրավիճակում, երբ պետությունն իր առաջին քայլերն էր անում, ստեղծվեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։
Այսօր ակադեմիան իրականացնում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթության երեք հիմնական ծրագիր` մասնագետի, բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհմամբ։ Այստեղ տարեկան վերապատրաստվում է 300-ից ավելի հրշեջ-փրկարար։
Ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը հայտնեց, որ ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը միայն գործին գիտակ մասնագետներով է համալրված։
«Մեր շրջանավարտներից 300-ից ավելի մարդ համալրել է ԱԻՆ շարքերը, մեր առաջին շրջանավարտներն արագ հասել են սպայի աստիճանի։ Իսկ ակադեմիայի գիտական հոդվածների ժողովածուին թղթակցում են արտասահմանյան գիտնականներ»,-ասաց նա։



Տեղեկացնենք, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ։