ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որում նա նշում է` «Ամերիկան առաջին տեղում է», ծաղրի թեմա է դարձել։ Այս ելույթից հետո աշխարհի մի շատ երկրներում ֆլեշմոբ է սկսվել հետևյալ անվանումով` «Ամերիկան առաջինն է, ո՞վ է ուզում լինել երկրորդը»։
Ֆլեշմոբի շրջանակում յուրաքանչյուր երկիր տեսաուղերձ է պատրաստում, որում պատմում է իր պետության առավելությունների մասին և ներկայացնում տեսարժան վայրերը։ Տեսահոլովակում հեղինակները խաղարկում են Թրամփի նախընտրական կարգախոսները` «Ամերիկան առաջին տեղում է», «Կրկին կհզորացնենք Ամերիկան», իսկ տեսանյութն ավարտվում է Թրամփին ուղղված ուղերձով. «Կարո՞ղ է արդյոք իրենց երկիրը երկրորդը դառնալ ԱՄՆ-ից հետո»։
«Մեր այբուբենն ամենահինն է Եվրոպայում և դա ճշմարտություն է։ Եթե ինչ-որ մեկը կասկածի տակ դնի այդ փաստը, ապա իմացեք` նրանք ստում են։ Մի լսեք նրանց, հատկապես հայերին», — ասվում է տեսաուղերձում։
Վրացական այբուբենի ծագման մասին վեճերը մինչ օրս չեն դադարում։ Հայերը նշում են, որ վրացական այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Վրացիներն իրենց գրերի ստեղծումը կապում են վրացական Փառնավազ արքայի անվան հետ (մ.թ.ա. 3-դր դար), թեև դրա հետ կապված ոչ մի վկայություն չկա։ Տպավորություն է ստեղծվում, որ հարևանները չեն կարողացել չօգտվել առիթից և չպատմել աշխարհի ցավոտ թեմայի մասին։ Տեսահոլովակի հեղինակները Թրամփին ուղղված երեքրոպեանոց ուղերձում խորհուրդ են տալիս փորձել աշխարհի ամենահին գինին` վրացականը, և խմել ոչ թե փոքր կումերով, ինչպես դա սովորաբար անում են սոմելյեները, այլ մեծ գավաթներով, ինչպես վայել է խմիչքն իրապես գնահատողներին։
Պատմությունն ապացուցում է հակառակը. գինեգործության հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը, առաջին գինին պատրաստվել է Հայաստանում մ.թ.ա. շուրջ 4000 տարի առաջ։
Այդ մասին վկայում են Արենի գյուղի շրջակայքում հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործարանի հետքերը։ Սակայն հոլովակի հեղինակները չեն բավարարվել այդքանով և անդրադարձել են նաև Եվրոպային։ Վրացիներն իրենց ուղերձում ընդգծում են, որ իրենք առաջին եվրոպացիներին են, իսկ մյուսները կեղծ են։ Վրացի էնտուզիաստները չեն շրջանցել նաև Ռուսաստանը, որին ներառել են հոլովակի մեջ։
«Ո՞վ է ուզում լինել երկրորդը Ամերիկայից հետո» ֆլեշմոբը բառացիորեն պայթեցրել է համացանցը։ Թրամփի թրոլինգն ապացուցում է, որ աշխարհը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես են ամերիկացիները խիստ Հիլարիի փոխարեն ընտրել սկանդալային Թրամփին։ Սակայն ինչ էլ լինի, ակնհայտ է մի բան. ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելն աշխատանք է ապահովել ամբողջ աշխարհի կատակերգակներին։
Տեսաուղերձի նախաձեռնողը Նիդեռլանդներն է, որին հետևել է Գերմանիան` կոչ անելով միանալ աշխարհի մյուս երկրներին։ Այսօր տեսահոլովակների թիվը գերազանցել է 20-ը, դրանց շարքում եվրոպական 17 երկիր կա, աֆրիկյան երկու երկիր` Մարոկկոն և Նամիբիան, ինչպես նաև Իրանը, Ավստրալիան և Վրաստանը։ Սպասվում է, որ հաջորդ տեսաուղերձը կլինի Հայաստանից։