ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Ցեֆտրիակսոն-Աստերիա» ներարկման համար նախատեսված հակաբիոտիկ դեղափոշի արտադրող և ներմուծող ընկերությունը դիմել է Հայաստանի առողջապահության նախարարություն՝ ահազանգելով հայաստանյան դեղատներում իրենց արտադրանքի կեղծ կրկնօրինակի վաճառքի մասին:
Առողջապահության նախարարության նախաձեռնած ստուգայցերի արդյունքում պարզվել է, որ «Ցեֆտրիակսոնը» միակ կեղծ դեղը չէ: Երևանի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի դեղատներում հայտնաբերվել են նաև զարկերակային ճնշման կարգավորիչ «Պրեստանս» տեսակի կեղծ դեղահաբեր:
«Քանի որ «Ցեֆտրիակսոնը» դիտարկվել է դիմում-բողոքի հիման վրա և մեզ կոնկրետ նշվել է 13 կոնկրետ դեղատան հասցե, մենք այդ 13 դեղատուն ենք մտել վարույթներով: Դեղատներ կային, որտեղ արդեն դեղը վերջացել էր, բայց մարզերում դեղատներ կային, որտեղ հայտնաբերել ենք այդ դեղը»,- ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը:
Կեղծ դեղերն իրենց իրական նմուշներից տարբերվում են արտադրության սերիայի համարներով, փաթեթավորման ձևով, որակով ու գունավորմամբ: Այդ դեղերն այժմ փորձաքննության փուլում են, բայց արդեն իսկ պարզ է, որ դրանք վտանգավոր են օգտագործողների համար:

«Եթե մեր ազգաբնակչությունը գնել է տվյալ դեղը, ապա կոչ ենք անում դադարեցնել դրա օգտագործումը, քանի որ կեղծ է: Թե ինչ աստիճանի է կեղծ, հետո լրացուցիչ ձեզ կտեղեկացնենք»,- ասաց ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը՝ հավելելով, որ դեղերի բաղադրության փորձաքննության վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օրից: Դրանից հետո միայն պարզ կլինի՝ դեղը ժամկետանց է՝ նոր փաթեթավորմամբ, թե կեղծված է բաղադրությունը:
Իսկ մինչ այդ առողջապահության նախարարի հրամանով հանրապետությունում արգելվել է «Պրեստանսի» և «Ցեֆտրիակսոնի» վաճառքը: Արտադրողներն ու ներմուծողներն իրենց արտադրանքը հետ են կանչում վաճառակետերից:

Թե որ ընկերությունը,որտեղ է արտադրել և ինչպես է կեղծ դեղերը հասցրել վաճառակետեր, առողջապահության նախարարության մասնագետները չեն բացահայտում, քանի որ հարուցված է քրեական գործ, իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացնում:
Ինչ վերաբերում է կեղծ դեղերի վաճառքին, ոլորտի պատասխանատուները հիշեցնում են` քանի որ վարչապետի հրամանով արգելվել են տեսչական ստուգումները, այդ պատճառով բարդացել է նաև այս ոլորտում ապօրինությունների բացահայտումը: