ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը հետ չի մնա ԱՄՆ-ի ձևավորած կոալիցիայից, լրագրողներին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։
«Առայժմ հասկանալի չէ, թե ինչ քաղաքականություն կվարի Սպիտակ տան նոր վարչակազմը Մերձավոր Արևելքում։ Սակայն որոշակի ազդանշաններ կան այն մասին, որ ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանում ձևավորել նոր հակաիրանական կոալիցիա», — ասաց փորձագետը։ Նրա խոսքով` թուրք-իրանական հարաբերությունների հետագա սրացումը շատ առումներով կախված կլինի նրանից, թե այդ կոալիցիայում ինչ դեր կզբաղեցնի Թուրքիան, իսկ թե ինչ դեր կզբաղեցնի այդ երկիրը, առայժմ դժվար է ասել։
Հովսեփյանի խոսքով` արտաքուստ գուցե ակնհայտ չէ, բայց Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթանում են ակտիվ բանակցություններ այն հարցի շուրջ, թե Անկարան որքան «թանկ» կարող է վաճառել իր մասնակցությունը։
Թուրքագետի կարծիքով` կոալիցիայում անմասն չի մնա նաև Ադրբեջանը։
«Ադրբեջանը չի կարող անմասն մնալ` հաշվի առնելով Իսրայելի հետ ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը, ինչպես նաև այն միտումները, որոնք առկա են Իրանի հետ հարաբերություններում», — ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով` արտաքուստ դա կլինի բարեկամական վերաբերմունք, սակայն նախկինի պես Ադրբեջանը կարևոր դեր կխաղա այդ կոալիցիայում։ Ընդհանուր առմամբ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածությունը դժվար թե զգալիորեն անդրադառնա Հայաստանի վրա, սակայն վերջինը պետք է օգտվի ընձեռված հնարավորություններից և իր վրա վերաուղղորդի իրանական տրանսպորտային, հաղորդակցական և տնտեսական նախագծերը։