ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն ֆիլմը հայտարարելու ժամանակ տեղի ունեցած դեպքը ոչ միայն շփոթեցրել է «Լա Լա Լենդի» նկարահանման խմբին, որին սկզբից տվել են մրցանակը, բայց մի քանի րոպե հետո հետ են վերցրել, այլ նաև կազմակերպիչներին։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» գլխավոր մրցանակը հայտարարած Ուորեն Բիտին սխալ ծրար է ստացել, ուստի սխալ անուն է հայտարարել։
«Ես բացեցի ծրարը, այնտեղ գրված էր Էմմա Սթոուն «Լա Լա Լենդ»», — ասել է Բիտին` բացատրելով, որ հենց այդ պատճառով է ձգձգել հաղթողի անունը հայտարարելը։ Հանդիսատեսին թվացել է, որ նա դիտավորյալ ձգձգում է ժամանակը և խաղում է հավակնորդների նյարդերի հետ։
Էմմա Սթոունը «Օսկար» է ստացել «Լա Լա Լենդում» գլխավոր դերի համար, նրա հաղթանակի մասին հայտարարվել էր «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգից առաջ։
Նկարահանող խումբը բեմ է բարձրացել և սկսել երախտիքի խոսք ասել, երբ կազմակերպիչների ներկայացուցիչը բեմ է բարձրացել և հայտնել, որ սխալ է տեղի ունեցել։
«Կատակ չէ։ «Տարվա լավագույն» ֆիլմ է ճանաչվել «Լուսնի լույսը»», — ասել է «Օսկարի» ներկայացուցիչը։ Մրցանակաբաշխության հաղորդավար Ջիմի Քիմելը ներողություն է խնդրել սխալի համար, որի հետևանքով «Լուսնի լույսի» փոխարեն հաղթող է հայտարարվել «Լա Լա Լենդը»։
«Չգիտեմ, թե ինչ է պատահել, ես դրա համար մեղադրում եմ ինձ», — ասել է Քիմելը։ Բեմում մի քանի րոպե շփոթություն է տիրել, և մարդիկ մտածել են, որ դա կատակ է։
«Կնոջ լավագույն դերի» համար «Օսկար» է ստացել Էմմա Սթոունը, տղամարդու դերի համար` Քեյսի Աֆլեքը, որը խաղացել է ամերիկյան ռեժիսոր Քենետ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում։
14 անվանակարգում առաջադրված «Լա լա լենդը» ստացել է միայն վեց արձանիկ։
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Կոմիվոյաժերը»։ Սա Ֆարհադիի երկրորդ «Օսկարն» է. առաջինը նա ստացել է 2012թ-ին` «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմի համար։
Կնոջ երկրորդ դերի համար «Օսկարի» է արժանացել Վիոլա Դևիսը («Պարիսպ»)` այս անվանակարգում հաղթելով կինոքննադատների ֆավորիտ Նիկոլ Քիդմանին` «Առյուծ» ֆիլմով։
«Լուսնի լույսը» ֆիլմում խաղացած Մախերշալա Ալին «Օսկար» է ստացել տղամարդու երկրորդական դերի համար։
Որպես լավագույն անիմացիոն ֆիլմ` «Օսկարի» է արժանացել «Կենդանապոլիսը»։ Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Օ. Ջեյ. պատրաստված է Ամերիկայում» կենսագրական ֆիլմը։