Արմենուհի Մխոյան, Sputnik.
Սյուզաննան սովորել սիրում է, բայց հավատացնում է՝ երբեմն չի հաջողվում. տունը անչափ փոքր է, իսկ ինքը 4 երեխաներից ավագն է, մյուսներն անընդհատ խանգարում են, իսկ երբեմն հազիվ է հասցնում գրքերն ու տետրերը եղբայրների ձեռքից խլել ու փրկել պատառոտվելուց: Դժվար է նաև քնելը. ինքնաշեն 2 հարկանի մահճակալը, որը գրեթե առաստաղին է հասնում, անչափ անհարմար է: Սյուզաննան ավագն է, Աննան 8 տարեկան է, Հակոբը` 2 տարեկան, իսկ ամենափոքրը` Հովսեփը՝ 1 տարեկան:

Մոր՝ Սիրուշ Բարսեղյանի համար տուն ունենալն անիրականանալի երազանք է թվում, իսկ 21 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բնակարանում, որտեղ 6 մարդ է ապրում, երեխաներին մեծացնելն անչափ դժվար է:
Երկրաչափական բարդ հնարքներ բանեցնելով՝ ամուսիներին հաջողվել է 8 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ննջասենյակում 6 անձ տեղավորել: Սիրուշը հարս է եկել ու երեխա ունեցել այս տնակում, ու արդեն 12 տարի է` նրա բնակության վայրն անփոփոխ է ՝ Գյումրու Խանջյան 234/107 տնակ:
Տնակի փոքրության ու ընտանեկան այլ խնդիրների պատճառով սկեսուրը, որը երկրաշարժից հետո է գնել այս ժամանակավոր կացարանը, ապրում է հարազատներից մեկի տանը, բայց հիմա այդ տունը վաճառվում է, և կինը պետք է նորից վերադառնա տնակ։
Այդ դեպքում երիտասարդ ընտանիքը՝ անչափահաս երեխաների հետ, պետք է բնակության այլ վայր գտնի:
Ամուսինն այժմ մեկնել է ՌԴ` արտագնա աշխատանքի։ Կինն է ասում` ձեռքից ամեն ինչ գալիս է, բայց հայրենի քաղաքում չէր կարողանում նորմալ վաստակել:
«Միևնույն է` չեմ դժգոհում, սիրով ընտանիք ենք, սերն էլ ամեն ինչ կփրկի»,- ասում է կինը:
Sputnik Արմենիան այլ աղբյուրներից պարզեց, որ այս ընթացքում մի բարերար փորձել է օգնել ընտանիքին ու 3 սենյականոց բնակարան է առաջարկել, սակայն նրանք հրաժարվել են, որովհետև նոր բնակարան պետք է տեղափոխվեին բոլորով (այդ թվում` սկեսուրը)` տարածքն ազատելու պարտադիր պայմանով: Հավանաբար հարս-սկեսուր բարդ հարաբերությունների պատճառով է ընտանիքը հրաժարվել բնակարանային նորմալ պայմաններից, որովհետև սկեսուրի վերաբերյալ հարցին Սիրուշը պատասխանում է. «Մենք իրար հետ կռված չենք, բայց սկեսուրս ասում է, որ իմ հետ չի կարող ապրել»։




Այս ընտանիքի նման՝ տնակում փաստացի ապրող, բայց տարբեր խնդիրների պատճառով անօթևան չհամարվող իրական անօթևանները Գյումրիում շատ են: Ըստ Գյումրու քաղաքապետարանի տվյալների` քաղաքում դեռ կա 3090 տնակ: Նրանցից բոլորը չէ, որ անօթևաններ են, շատ են այն ընտանիքիները, որոնք մեծ լինելու պատճառով կիսվել են՝ մի մասը մնացել տնակում, մյուսը տեղափոխվել բնակարան։ Կան նաև ընտանիքներ, որոնք այլ բնակավայրերից են եկել և տնակ գնել: Հենց այդ խնդիրն է պատճառը, որ Գյումրիում 2015 թվականի դեկտեմբերին ստեղծվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը՝ «Տնակից տուն` մեկ քայլ» կարգախոսով փորձելով ամեն կերպ օգնել նմանատիպ ընտանիքներին:
Հիմնադրամը գործունեությունը ծավալում է հիմնականում նվիրատվությունների միջոցով: Հիմնական խնդիրը Գյումրին տնակներից ազատելն է՝ տնակում բնակվողների տուն տալու, տնակը քանդելու և տարածքն ազատելու միջոցով: Նվիրատվությունների միջոցով հիմնադրամին հաջողվել է 18 բնակարան հատկացնել, որոնից 13-ը «Հայէլեկտրացանցեր» ընկերության կողմից ՝ «SOS-Գյումրի» նախագծի շրջանակներում: Բոլոր 18 բնակարանները տրամադրվել են տնակի տարածքն ազատելու պարտադիր սկզբունքով: