«Հրապարակ». Վարչապետի հրահանգը նովոների համար «ասնավանի» չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 8-ին վարչապետը, ՀՀԿ քարոզչության շրջանակներում լինելով Արմավիրում, դիտողություն էր արել մշակույթի տան վրա փակցված ՀՀԿ պաստառների առնչությամբ։ Հաջորդ օրն Արմավիրում էր «Ծառուկյան» դաշինքը, ու լրագրողներն արձանագրել էին, որ պաստառները հանվել են, մշակույթի տան վրա մնացել էր միայն նախընտրական շտաբի ցուցանակը։
Հանվել էին և՛ ՀՀԿ-ի, և՛ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի պաստառները։ Սակայն պարզվում է՝ վարչապետի հրահանգը նովոների համար «ասնավանի» չէ. երեկ արդեն մշակույթի տան վրա իր ողջ «հմայքով» հառնել էր ՀՀԿ թեկնածուն։
Ի դեպ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է։
Նշենք, որ Նովոն մարզի պաշտոնյաների «սիրելին» է՝ նրան է աջակցում նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում թույլտվությամբ էլ, թերևս, մշակույթի տանն է հայտնվել ՀՀԿ շտաբը, ու ՀՀԿ-ական թեկնածուն պաստառապատել է այս շենքը»:
«Հայկական ժամանակ». Արգամ Աբրահամյանի շտաբը հայրն է ղեկավարում. մարզպետի խոսքը հասել է նրա ականջին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբն անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում:
Ականատեսների վկայությամբ` Հովիկ Աբրահամյանն ամբողջ օրը Արտաշատում իր որդու շտաբում է անցկացնում: Ճիշտ է, ֆորմալ առումով շտաբի պետ է նշանակված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Գարսևան Վարդանյանը, բայց իրականում Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում ոչ միայն որդու նախընտրական գործունեությունը, այլև մարզում «Ծառուկյան» դաշինքի շտաբը: Ինչպես հայտնի է, Արարատի մարզը ամենաթեժ ընտրատարածքներից է, ու Աբրահամյանների գործոնն ավելի է թեժացնում իրավիճակը:
Արտաշատցիների փոխանցմամբ՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերջերս նեղ շրջապատում հայտարարել է, որ կոտրելու է Աբրահամյանների դինաստիայի տիրապետությունը հենց այս ընտրություններից սկսած, որ Ծառուկյան-Աբրահամյան խնամիները պետք է պարտություն կրեն: Այդ խոսքը հասել է Հովիկ Աբրահամյանին, ու նա էլ ողջ ուժով ու հնարավորություններով լծվել է մարզպետին ու նրա պատգամավոր եղբորը հակառակն ապացուցելու գործին»:
«ժամանակ». Վահրամ Բաղդասարյանը չի կարողանում փողով մրցել իր կուսակիցների հետ. նրա վերջին հույսը «Նեգր»-ն է
«ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Վահրամ Բաղդասարյանը չի կարողանում փողով մրցել իր կուսակից Կարեն Կարապետյանի եւ Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի հետ։ Վահրամ Բաղդասարյանի վերջին հույսը մնացել են մարզի քրեական հեղինակությունները։
Մի քանի օր առաջ Վանաձորում հնչած աղմկոտ կրակոցների գործով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորումներ են եղել, որի պարագլխին` քրեական հեղինակություն համարվող «Նեգր» մականունով հեղինակությանը, Վահրամ Բաղդասարյանի անմիջական ցուցումով և ջանքերով է հնարավոր եղել ազատ արձակել նախնական կալանքից։
Վերջինս արդեն լծվել է Վահրամ Բաղդասարյանի շտաբային աշխատանքներին։ Պարզվում է, որ նրան ազատելու համար Վահրամ Բաղդասարյանը դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին, ում հետ վաղեմի կապեր ունի։ Նա տարիներ ի վեր ԱԺ-ում ընտրվել է հենց Աղվան Հովսեփյանի շնորհիվ ու «քվոտայով»։ Հենց Աղվան Հովսեփյանն էլ վերաորակել է «Նեգրի» կատարած հանցանքը եւ նրան հնարավոր է եղել ազատ արձակել»:
«168 ժամ». Սերժ Սարգսյանի մոսկովյան ուղերձն Ադրբեջանին և առաջարկը Կրեմլին
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահն «Իզվեստիա» թերթում Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարևորությունը ռուսական անվտանգային ընկալումներում»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆեկգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիր ստեղծելու մասին առաջարկին։
Նրա խոսքով՝ այս առաջարկն ունի նաև քաղաքական մի քանի ենթատեքստ, որով ՀՀ նախագահն իր լոյալությունն է հայտնում ռուսական կողմին, առաջարկում էլ ավելի ընդլայնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը։ «Նա փորձում է հասկացնել, որ, թեև Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարևոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են եւ դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը։
Սարգսյանը նաև Ադրբեջանին է որոշակի ուղերձ հասցնում այն մասին, որ չնայած ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին, հայ-ռուսական ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնված է, ինչը ևս, գուցե, հավելյալ զսպիչ գործոն դառնա Ադրբեջանի իշխանությունների համար»,- ասել է Ֆելգենգաուերը»:
«Փաստ». Վարդան Ղուկասյանը հայրական ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին. «Արժանի էր»
«Փաստ» թերթը գրում է. «Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Շիրակում: Երկուշաբթի օրը, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու գրանցված, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր նախընտրական խմբով քարոզարշավ էր կազմակերպել Շիրակի գյուղերով:
«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ-ն ներկայացնող Սուքիաս Ավետիսյանը, իմանալով Վարդանիկի «մարշրուտը», նրանից կես ժամ առաջ նույն «գծով» հանդիպումների է գնացել և իր քարոզարշավն արել Ղուկասյանի համար հավաքված գյուղացիների շրջանում:
Երբ նույն «գողությունը» Սուքիասը կատարել է նաև երեքշաբթի օրը, Առափի գյուղի մոտ (նախկին Օջաղուլի) Վարդան Ղուկասյանը բռնացրել է Ավետիսյանին: Ականատեսների վկայությամբ` Վարդանիկը երկու հզոր ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին: Ներկաները, ինչպես Րաֆֆու «Սամվելում», բարձրաձայնել են` արժանի էր: