ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Mobile World Congress-ին մասնակցած գործարարներն ու օգտատերերը մեծ հետաքրքրություն են դրսևորել հայկական Zangi հավելվածի նկատմամբ։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։
«Հավելվածի նկատմամբ մեծ հետաքրքրություն դրսևորեցին և՛ խոշոր ընկերությունները, և՛ հասարակ օգտատերերը, և՛ ֆորումի մասնակիցները»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` հայկական տաղավարն այցելուների պակաս չի ունեցել։ Ավելին` նրանց թիվն այնքան մեծ է եղել, որ ընկերության 6 ներկայացուցիչները հազիվ են հասցրել ներկայացնել Zangi-ի առանձնահատկությունները։

Մարտիրոսյանի խոսքով` ոմանք հենց տաղավարի մոտ ներբեռնել են հավելվածը, իսկ մյուսներն էլ «սելֆի» են արել Zangi-ով։
«Իմիջիայլոց, դա խոշոր միջազգային ֆորում է, որի մասնակիցները գալիս են աշխարհի տարբեր ծայրերից։ Իսպանացիները քիչ էին, իսկ մյուս երկրների ներկայացուցիչների թիվը` շատ։ Դա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր ու ամենակարևոր միջոցառումներից մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Մարտիրոսյանի խոսքով` կոնգրեսի այցելուների թվում եղել են նաև բիզնեսի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, քանի որ հիմնական նպատակը բիզնես-գործընկերներ գտնելն է ու նրանց հետ պայմանագրեր կնքելը։
«Մենք էլ պայմանագրեր կնքեցինք։ Ֆորումի մասնակիցներից շատերն իմանալով, որ մենք Հայաստանից ենք` հետաքրքրվում էին մեր ՏՏ ոլորտով ու տեխնիկական հնարավորություններով»,- ավելացրեց Մարտիրոսյանը։
Նա ավելացրեց, որ Zangi-ն արդեն բեռնել է մոտավորապես 5 միլիոն օգտատեր, հիմնականում` Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայի երկրներից ու Մերձավոր Արևելքից։