ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Այս տարվա ընտրություններն աչքի ընկան ոչ կոռեկտ, կենցաղային մակարդակից էլ ցածր դրսևորումներով: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը, վերլուծելով ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքը, ասաց Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Չի կարելի ռաբիս ոճը բերել քաղաքական պայքար: Քաղաքական ուժերը, որոնք մտնում են թեժ պայքարի մեջ, պետք է տիրապետեն քաղաքական գործչի հռետորությանը: Սկսած մարդու արժանապատվությունը նսեմացնող կեցվածքից` մինչև հայհոյանքներով հանդես գալը: Ես կարծում եմ` սա պետք է մերժվի հասարակության կողմից»,- ասաց Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանին հատկապես անհանգստացնում է այն, թե ինչպես են որոշ կին թեկնածուներ ու համակիրներ իրենց պահում քարոզարշավի ընթացքում:

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ևս համամիտ է` քաղաքական պայքարը Հայաստանում ապաքաղաքականացվել է: Իսկ ապաքաղաքական պայքար հիմնականում վարում են վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Մյուս կողմից ընտրողը ևս որակազրկվել և, Արա Պապյանի բնորոշմամբ, վերածվել «սակարկողի»:
«Երբ որ տեսնում ես, թե մարդկ ինչպիսի հարցեր են բարձրացնում խորհրդարանի ապագա անդամների առաջ, հասկանում ես, որ հետևողականորեն տարվել է նրան, որ ընտրողը վերածվի սակարկողի: Ով ավելին կառաջարկի, նրան էլ կընտրի»,- ասաց Պապյանը:
Ընտրական գործընթացը, բանախոսների համոզմամբ, ոչ միայն բացահայտեց քաղաքական դաշտի մակարդակը, այլև աղավաղեց հասարակության պատկերը՝ ի ցույց դնելով դրա բացառապես բացասական դրսևորումները:
ԱԺ ընտրությունները նախատեսված են ապրիլի 2-ին։