«ՀԺ»․Փող և արտոնություն․ Հանրային հեռուստատեսությունը ցանկանում է վերազինվել
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է տեխնիկապես վերազինվել և դրա համար պատրաստվում է 268 միլիոն դրամի (560 հազար դոլարի) մոտ 120 անուն սարքավորումներ ներկրել տարբեր երկրներից: Տարօրինակը, սակայն, դա չէ:
Հեռուստաընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը ներկրվող սարքավորումները երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու խնդրանքով, և կառավարությունն էլ առաջիկա իր նիստում ամենայն հավանականությամբ կտրամադրի այդ արտոնությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը գործում է բյուջեի հաշվին: Բացի դրանից, հարկային այս արտոնությունը ստանալու համար հղում է կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի ծրագրի դրույթներին:
Բայց այդ ծրագիրը այլևս չի գործում: Սա էլ բավական չէ, որպես արտոնության նպատակ՝ Հանրային հեռուստաընկերությունը դիտարկվում է «Արդյունաբերական ընկերություն», որի մրցունակությունը պետք է բարձրացվի: Վստահաբար կարելի է պնդել, որ այդ վերազինումից հետո Հանրայինը կդառնա էլ ավելի «օբյեկտիվ», «անկողմնակալ» ու «օպերատիվ»:
«Հրապարակ». Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում
Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում։ «Եթե նախկին ընտրությունների ժամանակ, անգամ նախագահական, ընդամենը սրբագրումներ էր կատարում` ուշ ժամի մի քանի րոպեով գալով շտաբ, հիմա անձամբ է գնում` տեղերում նայելու-ստուգելու»,- ԳՄ–ի աղբյուրը հայտնել է «Հրապարակ» թերթին։ Հեռացող նախագահ է, դրա՞ համար, թե՞ ՀՀԿ-ի ցուցանիշներն են անմխիթար: «Ոչ, այս անգամ, առավել քան երբևէ, ցանկանում է լավ ընտրություններ»:
Նաև՝ որ ապրիլի 3-ին ԵՄ հարևանության «Յունկեր» ծրագրով նախատեսված է բավականին լուրջ գումարների տրա՞նշ` Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, և դա կախված է ՀՀ-ում լավ ընտրություններ անելո՞ւց: «Ոչ միայն»:
Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի հետ այսօր մեկնում է Մալթա` ԵԺԿ համագումարին մասնակցելու:
«Ժամանակ». Շեյխերը
«Տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարել են, ասել են՝ պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- երեկ Երևանի մարզահամերգային համալիրում իր համակիրների առջև ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
Թերթի տեղեկություններով՝ այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի և Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն և բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։
Ինչպես գրում է թերթը՝ դրանք սովորական հարուստներ չեն, այլ այդ երկրներում բարձրաստիճան միլիարդատեր պաշտոնյաներ են:
«Ժողովուրդ». ԿԸՀ-ն առանձնակի խնամքով է թաքցնում ՀՀԿ ապօրինությունները. Մուկուչյանը դրժեց խոստումը
ԿԸՀ-ն առանձնակի խնամքով է թաքցնում ՀՀԿ ապօրինությունները: «Ժողովուրդ»-ը նախորդ համարներից մեկում գրել էր, որ մարտի 19-ին Լոռու մարզում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանից խնդրել էր ժամացույց նվիրել իրեն: Վարչապետն էլ խորհրդականին հանձնարարել էր վերցնել քաղաքացու տվյալները, որ փոխանցեն ժամացույցը:
Սա ընտրական օրենսգրքի 19 հոդվածի խախտում է, «Նախընտրական քարոզչության ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոստացել էր արձագանքել կատարվածին, սակայն մինչև հիմա որևէ քայլ չի արվել այդ ուղղությամբ: Երեկ էլ Մուկուչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարանում էր, որ գերծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել ուսումնասիրել տեղի ունեցածը: «Նյութը փորձեցի գտնել, չգտա, անկեղծ ասած»,- անկեղծացավ ԿԸՀ նախագահը: Հարցին, թե վարչապետի հանդեպ շատ զգուշավոր եք, Մուկուչյանը նշեց. «Կարծում եմ, որ դա շատ թյուր կարծիք է: