ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը Սիրիայում ռազմական գործողությունների համար նախատեսված չէ, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Այն հարցին, թե արդյոք, Գյումրիում գտնվող 102-րդ ռազմակայանը կօգտագործվի Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար, Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորումների համար Մերձավոր Արևելքի երկրում համատեղ գործողություններ նախատեսված չեն:
«Նման երկխոսություն այժմ չկա: Ակտիվորեն համագործացկում ենք Սիրիա մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու հարցերի վերաբերյալ, մի շարք ծրագրեր ունենք այլ մարդասիրական նախագծերի իրագործման առումով, սակայն
ռուսական 102-րդ ռազմակայանի կիրառումը Սիրիայի գործողություններում նախատեսված չէ», — ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է նաև հաշվի առնել, որ Սիրիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում մեծ հայկական համայնք կա: Հետևաբար, մի շարք ասպեկտներ կան, այդ թվում, այդ համայնքի անվտանգության ապահովումը: