ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծանր վնասվածք ստացած ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը երեկ բուժզննում է անցել Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ինչպես և սպասվում էր, բուժզննումը ցույց է տվել, որ վիրահատության կարիք կա: Մարտի 29-ին Ղազարյանը ենթարկվել է վիրահատության։ «Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և ետևից: Նախնական տվյալներով վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից»,- ՀՖՖ-ի հետ զրուցում ասել է Գևորգ Ղազարյանը։
Ֆուտբոլիստը իր երախտագիտությունն է հայտնել խաղընկերներին և երկրպագուներին, որոնցից ստանում է քաջալերանքի բազմաթիվ խոսքեր։