ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Խառը մենամարտերի մարտիկ, ծագումով հայ Գեղարդ Մուսասին դեմ չէ կրկնել UFC նախկին չեմպիոն Քրիս Ուայդմանի հետ մենամարտը։ Այս մասին հայտնում է ռուսական AllFight.ru-ն։
«Խնդիր չկա։ Ես պատրաստ եմ ռևանշի հրավիրել Քրիսին, եթե նա ցանկանա։ Ես հարգանքով եմ վերաբերվում Ուայդմանին. նա կամքի տեր տղա է։ Բայց ռինգից միայն մեկ հաղթող պետք է դուրս գա, և այսօր այդ հաղթողը ես եմ», — Ուայդմանի հետ մարտից հետո հայտարարել է Մուսասին Ջո Ռոգանի հետ հարցազրույցում։
Մուսասիի ու Ուայդմանի մենամարտի ժամանակ վեճ էր ծագել։ Երկրորդ ռաունդում Մուսասին ծնկով երկու ծանր հարված էր հասցրել Ուայդմանի գլխին։ Մրցավարը կանգնեցրել էր մարտը` որոշելով, որ Ուայդմանը ձեռքերն իջեցրել էր և արգելված հարվածներ էր ստացել, բայց կրկնությունը նայելուց հետո պարզ էր դարձել, որ մարտի կանոնները չէին խախտվել։ Մրցավարը խնդրել էր բժիշկներին զննել Ուայդմանին, և նրանք հայտարարել էին, որ մարտը չի կարելի շարունակել։ Հաղթանակը տեխնիկական նոկաուտով շնորհվել էր Մուսասիին։
Մենամարտից հետո բուռն վեճեր էին ծավալվել սոցիալական կայքերում։ Ոմանք նշել էին, որ ծնկով հարվածը ճիշտ էր, մյուսներն էլ պնդում էին, որ ծնկով հարվածելն արգելված է, և «մարտը պետք է անհապաղ վերսկսել»։