Մուայ թայի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մուայ թայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 3-ից 12-ը Մինսկում կայանալիք աշխարհի սիրողական առաջնությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանի Մուայ թայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությանը Հայաստանն ունենալու է չորս ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիակն կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը ու ևս երկու մարզիկ Արցախից: Նրանք հանդես կգան A և B խմբերում: Տղաները շատ լավ պատրաստված են: Այժմ հավաք ենք անցկացնում Ռուսաստանի թիմի հետ։ Այս օրերին Գոռ Գևորգյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանը Բեյրութում մասնակցում է պրոֆեսիոնալ մրցաշարի: Մեծ ակնկալիքներ ունենք Գրիգորյանից»,-ասել է Բրուտյանը:

Ալբերտ Ամիրջանյանը Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է: Մինչ այս նա ներկայացրել էր Ռուսաստանը։

«Ինձ համար մեծ պատիվ է այժմ ներկայացնել Հայաստանը: Հույս ունեմ` այս տարի աշխարհի չեմպիոն կդառնամ արդեն Հայաստանի դրոշի ներքո»,-նշել է Ամիրջանյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ճանաչել են մուայ թայը: Սակայն, այն դեռևս օլիմպիական մարզաձև չէ: 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում մուայ թայի մարզիկներն ունենալու են ցուցադրական մրցելույթներ:

Լրահոս
0