Երևանի մանկապարտեզներից մեկի հիմնանորոգման գումարը յուրացրել են

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շինարարական կազմակերպությունները յուրացրել են մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացված շուրջ 109 միլիոն դրամ գումարը, իսկ մանկապարտեզի սաները շարունակում են հաճախել կիսավեր մանկապարտեզ:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքի Վիլնյուսի 61 հասցեում գտնվող թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կատարելու համար «Լիլանարմ» ու «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ները 2015 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ կնքված համաձայնագրով ստացել են 108.920.995 դրամ:

2 տարի անց, սակայն, պարզվում է՝ մանկապարտեզը ոչ միայն չի հիմնանորոգվել, այլև մնացել է կիսավեր վիճակում:

Փոխարենը շինարարական կազմակերպությունները հիմնանորոգման աշխատանքների մասին վկայող կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, իսկ տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությունը հաստատել է, իբր, կատարված աշխատանքները:

Այս բացահայտումները կատարել է Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը: Կատարված քննության արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի 5 մասնաշենքերում բյուջեից ստացած շուրջ 109 միլիոն դրամով միայն որոշակի քանդման, նախապատրաստման, լոկալ նորոգման աշխատանքներ են կատարվել:

© PoliceՄանկապարտեզ
Полиция Армении выявила денежные махинации - Sputnik Արմենիա
Մանկապարտեզ

Կապալառու «Լիլանարմ» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Ն. Պ.-ն, պարբերաբար քաղաքաշինության նախարարություն է ներկայացրել 108.920.995 դրամի շինաշխատանքների մատուցման հաշիվ-ապրանքագրեր, աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ ու կատարողական ակտեր:

Իսկ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայկասար» ՍՊԸ ներկայացուցիչ Մ. Պ.-ն, իր ստորագրությամբ հաստատել է աշխատանքներն ամբողջությամբ կատարած լինելը՝ դրա դիմաց յուրացնելով շինարարության համար նախատեսված խոշոր գումարներ: Բացի այդ, ընդունման-հանձնման գործընթացում համապատասխան արձանագրության մեջ կեղծվել է նաև քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ստեղծված «Պատասխանատու ստորաբաժանման» ղեկավարի ստորագրությունը:

Այս ամենի հետևանքով, ինչպես նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ, մանկապարտեզի սաները շարունակում են մնալ անբարեկարգ ու հակահիգիենիկ պայմաններում:

Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

Լրահոս
0