ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Երկու բազմաբնակարան շենք` Հադրութ քաղաքում: Հասցեատերերը` ՊԲ զինծառայողների ընտանիքները կլինեն:
Շենքերի շինարարությունը սկսվել է 2016 թվականին: Առաջին շենքը` 20 բնակարանով, շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարվա ավարտը: Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։
Այստեղ արդեն ավարտվել են տանիքի ծածկի կառուցման, դռների և լուսամուտների տեղադրման, էլեկտրական գծերի, ներքին ու արտաքին ջրագծերի մոնտաժման աշխատանքները, իրականացվում է ներքին հարդարում:
Մյուս շենքը, որն, ըստ նախագծի 16 բնակարանոց է, նախատեսվում է հանձնել 2018-ին: Շենքերն արևկող են, ունեն մեկ նկուղային և 4 վերգետնյա հարկեր: Հարմարավետ կենցաղավարության համար կստեղծվեն բոլոր պայմանները: Շինարարությունն ավարտելուց հետո կբարեկարգվի շենքերին հարող տարածքը:
Ծրագրով նախատեսված է կառուցել մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի, կանաչ գոտի` զբոսահարթակով:
Այս ծրագրով ՊԲ սպայակազմի համար բազմաբնակարան շենքեր են կառուցվել Արցախի մայրաքաղաքում և բոլոր շրջկենտրոններում: