Նոր փաստաբանները կսպասարկեն անվճարունակ խավին

© pastabanՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ
ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ մայիսի 21-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է նրանց նորամուտը` տեղեկացնելով, որ գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտներին փաստաբանի գործունեության արտոնագիր հանձնելու արարողության ժամանակ նշել է, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը:

Արտոնագրերը հանձնելուց առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ աշխատավայր, գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար Պալատում կահավորված և տեխնիկապես զինված 20 տեղանոց աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով, ինչը կօգնի փաստաբաններին ունենալ աշխատատեղ, կայանալ իրենց մասնագիտության մեջ, փորձ և վստահորդներ ձեռք բերել: Նա նշել է, որ նոր փաստաբանների կայացմանն աջակցելու այս ծրագրով պայման է դրվելու նաև, որ նրանք սպասարկեն անվճարունակ խավին:

Պալատի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փաստաբանական համայնքի առավելություններից մեկը բազմակարծությունն է:

Անդրադառնալով մի քանի գործընկերների այն կարծիքին, որ փաստաբանական դպրոցը չպետք է այս քանակի շրջանավարտներ ունենա, Պալատի նախագահը նշել է, որ հավանաբար այդ մոտեցման հիմքում այն է, որ փաստաբանների քանակի ավելացումն ազդելու է գործերի քանակի վրա: Նա տեղեկացրել է, որ բարեբախտաբար փաստաբանական պալատի կառավարման մարմինն այդպիսի դիրքորոշում չունի և չի կիսում այդ տեսակետը: Արա Զոհրաբյանը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ բնակչություն-փաստաբաններ հարաբերակցության վերաբերյալ, համաձայն որի` մեր երկրի 100.000 բնակչին համընկնում է 56 փաստաբան, իսկ այլ երկրներում, օրինակ` Իսրայելում, փաստաբանների թիվը գերազանցում է 600-ը, Իտալիայում և Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը: Նա հավելել է, որ իրականում այս առումով շատ աճելու տեղ կա և մոտակա 10 տարվա ընթացքում կրիտիկական շեմին չենք մոտենալու:

Айк Ованнисян - Sputnik Արմենիա
Իրավաբան. Մեդիացիան նոր բառ է հայկական իրավագիտության մեջ

«Ամեն տարի համայնքը համալրվում է մոտ 150 փաստաբանով, մենք չենք շեղվելու մեր ընտրած ուղուց: Նույնիսկ զարգացած երկրներում այսպիսի մոտեցում կա, քանի որ փաստաբանությունն ազատ մասնագիտություն է իրավունք չունենք սահմանափակելու նրանց թիվը, խոչընդոտելու նրանց»,- եզրափակել է Արա Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրինությանը, և աշխատակազմին, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակերպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները:

Պալատի նախագահը ապագա փաստաբաններին մաղթել է բարի երթ և հաջողություն:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ նրանց շնորհիվ բացահայտվել են ուսումնառության փուլում առկա խնդիրները, որոնք շտկվել են և շարունակաբար կատարելագործվում են ուսուցման գործընթացները: Նա մաղթել է բեղմնավոր աշխատանք բոլորին և հատուկ շնորհակալություն հայտնել ապրիլյան պատերազմի մասնակից ունկնդիրներին՝ հպարտանալով, որ ապագա փաստաբանները նաև անմասն չեն մնացել հայրենիքի համար կարևոր իրադարձություններին մասնակցելուց:

Խորհրդի անդամ, նախագահի տեղակալ Կարեն Մեժլումյանը մտերմաբար կիսվել է շրջանավարտների հետ, ասելով, որ Խորհրդի անդամները ժամանակին կերազեին անցնել այն դպրոցը, որն անցել են ներկաները:

Նա խորհուրդ է տվել լինել իրավապաշտպան, վստահորդի շահը վեր դասել սեփական շահից, նրանց հետ լինել ազնիվ: Նա նկատել է, որ նաև այսօրվա արտոնագիր ստացածների շնորհիվ է հանրապետությունում զարգանալու փաստաբանին դիմելու մշակույթը՝ մաղթելով ծանրաբեռնված լինել գործերով:

Խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը նշել է, որ միշտ վստահ է եղել նրանում, որ երիտասարդների հոսքը բերելու է փաստաբանության զարգացման: Նա կարևորել է, որ տարածաշրջանում ամենակայացած փաստաբանական համայնքը Հայաստանում է: Նա խորհուրդ է տվել շրջանավարտներին համայնք մտնելով չտառապել հայտնի լինելու մոլուցքով, այլ դրան հասնել սեփական աշխատանքով:

Խորհրդի անդամ Արա Ղազարյանը նշել է, որ գիտելիք սովորեցնելը, հմտություն փոխանցելը հեշտ է, դժվարը արժեք սերմանելն է, մտածելակերպ, վերաբերմունք փոխելը, ինչին ժամանակ է պետք: Նա ասել է, որ փաստաբանություն մտնելը նշանակում է մրցակցային դաշտ մտնել: Արա Ղազարյանը կարևորել է, որ այսօր փաստաբան դառնում են ոչ թե նախկինի պես թեսթ լուծելով, այլ կես տարի կամ մեկ տարի սովորելով: Նա հիշեցրել է Եվրոպական Դատարանի կարևոր մոտեցումը, որի համաձայն՝ չի կարելի արդարադատությունը զոհաբերել հանուն նպատակահարմարության:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել շրջանավարտներ Լիլիթ Ղազանչյանը և Տարոն Բաղդասարյանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала