Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական համույթը ելույթ ունեցավ Գյումրիում

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Выступление Хора Александрова в Гюмри
Выступление Хора Александрова в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ պաշտպանության նախարարության Ա.Վ Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի և պարի ակադեմիական համույթը հունիսի 10-ին ելույթ ունեցավ Գյումրիում:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու 102-րդ ռազմաբազայում, ապա երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում համույթը ներկայացրեց անսամբլի երգացանկի ոչ միայն ոսկե ֆոնդին պատկանող երգեր, այլ նաև նոր կատարումներ:
Համույթի մենակատար Ալեքսանդր Ելավսկիխն արդեն 7 տարի է՝ համույթում է: Այդ ընթացքում 5 անգամ եղել է Հայաստանում ու հասցրել է շատ ընկերներ ձեռք բերել: Իր երգացանկում ունի հայերեն «Հայաստան»

երգը, որն, ինչպես ինքն է վստահեցնում, միշտ շատ ջերմ է ընդունում հայ հանդիսատեսը։

«Հաճույքով եմ սովորել: Հատկապես, գիտեմ, որ դա հայ ազգի ցավն ու վիշտն է ներկայացնում: Շատ խորը երգ է: Ճիշտ է, կատարողական առումով է բարդ և հայերենով այն սովորելը դժվար էր, բայց հաճույքով եմ կատարում: Սա իմ առաջին հայերեն երգն է և վստահ եմ՝ ոչ վերջինը»,- Sputnik Արմենիային վստահեցրեց երգիչը:

Ի դեպ, սա միակ հայերեն կատարումը չէր Գյումրիում, ՌԴ վաստակավոր արտիստ Յուլիանան ևս հայ հանդիսատեսին զարմացրեց իր հայերեն կատարումներով:

Ընդհանուր առմամբ, ամբողջ համերգի ընթացքում տրամադրությունը շատ բարձր էր՝ հանդիսատեսը միանում էր սիրված երգերի կատարումներին, իսկ հաճախ նաև ողջունում հոտնկայս: Նշենք, որ սա համույթի առաջին այցը չէր Գյումրի:

«Համույթն իր տարեկան ելույթները պլանավորելիս հաշվի է առնում նաև այն քաղաքները, որտեղ ռուսական զորք կա, և դա է պատճառը, որ Գյումրի այցն արդեն պարբերական է»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Ա.Վ Ալեքսանդրովի անվան անսամբլի էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գալկինը:

Համույթը լեգենդար անսամբլի մի մասն է կազմում: 1928 թվականին կազմավորված անսամբլը բավական մեծ է՝ ունի երգչախումբ, նվագախումբ, էստրադային և մանկական կազմեր: Իր գործունեության ընթացքում անսամբլը բազում ձեռքբերումներ ու համերգներ է ունեցել, սակայն այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի դեկտեմբերի 25-ին, անսամբլի ոչ մի անդամ չի կարող մոռանալ՝ ՌԴ պաշտպանության նախարարության պատկանող Տու-154 օդանավի կործանումը, որի հետևանքով զոհվեցին անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի): Նրանք մեկնում էին Սիրիա՝ «Հմեյմիմ» ավիաբազայում ռուս զինծառայողների համար տոնական համերգ տալու համար:

Լրահոս
0