ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Չինացի հնագետները պարզել են, որ ներկա Շանդուն գավառի տարածքում հինգ հազար տարի առաջ ապրող մարդիկ առանձնացել են բարձր հասակով և մեծ ֆիզիկական ուժով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով China Daily պարբերականին։
Ցինան քաղաքի մոտակայքում իրականացվող պեղումների ընթացքում գիտնականները գերեզմաններից հանել են աճյուններ, որոնց հասակը ժամանակին գերազանցել է 180 սմ-ն։ Մեկ կմախքը պատկանել է ավելի քան 190 սմ հասակ ունեցող մարդու։
Գիտնականների կարծիքով՝ նրանք գտել են Լունշան մշակույթին պատկանող մարդկանց, որոնք ապրել են մ․թ․ա․II հազարամյակում։
«Այդ ժամանակ տեղացիներն արդեն կարողանում էին հող մշակել և սննդի տարբեր աղբյուրներ ունեին, ինչն արտացոլվել է նրանց ֆիկիկական տվյալների վրա»,- պարզաբանել է գիտնականներից մեկը։ Հին մարդիկ նաև խոզեի են բազմացրել, իսկ հիմնական մշակաբույսը կորեկն է եղել։
Որոշ գերեզմանատներում հայտնաբերվել են նեֆրիտից իրեր և գունավոր խեցեգործական իրեր։ Պեղված բնակավայրերը վկայում են այն մասին, որ Լունշան մշակույթի ներկայացուցիչները համեմատաբար հարմարավետ պայմաններում են ապրել․ նրանց տներում առանձին ննջասենյակներ և խոհանոցներ են եղել, հայտնում է պարբերականը։