Կշռվել, թե չկշռվել
Եթե կշռվել, ապա միայն առավոտյան, սոված ու ծարավ: Բայց տարվել դրանով՝ոչ մի դեպքում: Անգամ ամենախիստ դիետան առաջին հերթին օրգանիզմից հեռացնում է ջուրը, նիհարում եք, ուրախանում, էլի ուտում, իսկ ճարպը մնում է՝ ինչպես կար: Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն խորհուրդ չի տալիս հետևել համացանցում առկա հազարավոր դիետաներին: Դրանցով կնիհարեք այնքան, որքան հետո, անպայման, չաղանալու եք: Խորհուրդ է տալիս ամեն օր չկանգնել կշեռքին ու պարզապես անցնել բալանսավորված սննդակարգի:
Օրը սկսել շիլաներից, եթե շիլա չեք սիրում՝ կերեք ձու
Միրգ կերեք միայն օրվա առաջին կեսին. այն հարուստ է գլյուկոզայով, որը ճարպի աղբյուր կարող է դառնալ:
Օրվա երկրորդ կեսին բանջարեղենի ճիշտ ժամանակն է:
Ընթրիքին նախընտրելի են սպիտակուցները՝ հավ, ձուկ, տավարի միս:
Որպես խավարտ՝ հնդկացորեն և գորշ բրինձ ևս կարող եք օգտագործել:
Խմել օրական 2-3 լիտր ջուր՝ ուտելուց կես ժամ առաջ ու 2 ժամ հետո։
Դիետիկ հաց
Ցանկացած սուպերմարկետում հացի, այդ թվում ՝դիետիկ, տասնյակ տեսականի կարելի է գտնել: Որն է միակ չգիրացնողը: Չգիրացնող հաց չկա:
«Դիետիկ հացը հացի տեսք ու ձև չի կարող ունենալ: Անկախ գույնից ու բաղադրությունից, արդեն հացի տեսքով ցանկացած բան կգիրացնի: Եթե ուզում եք նիհարել, ստիպված հաց ուտելու պատրանք պիտի ստեղծեք: Սա հնարավոր է հացիկների /Խլեբցի/միջոցով«,-վստահեցնում է դիետոլոգը:
Ֆիզիկական վարժություններ
Հնարավոր է նիհարել և առանց սպորտի, բայց ֆիզիկական ակտիվությունը պահպանելով ու առանց հոգեբանական խնդիրների:
Ափսեն ու տոլման
Ամենափոքր ափսեում ամենաշատը երկու տոլմա կտեղավորեք: Կմտածեք` քիչ կերաք, էլի մի երկուսը կավելացնեք, հետո էլի մի երկուսը: Կստացվի կերաք ավելի շատ, քան նախատեսել էիք: Կխաբեք ձեզ, թե քիչ կերաք ու կգիրանաք՝ շատ ուտելով: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը բոլոր նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս ընտրել տան ամենամեծ ափսեն:
«Պետք է վերցնել ամենամեծ ափսեն, դնել այն, ինչ ուզում եք ուտել ու որքան ուզում եք: Բայց մի պայմանով՝ այդ ամենը պետք է ուտել, օրինակ, կես ժամում: Կես ժամվա ընթացքում,դրա 1/3-ն էլ չեք ուտի: Ստամոքսը կհագենա, աչքը՝ կկշտանա»,–ասում է հոգեբանը:
Բարեկազմության բանաձև
1.Առողջ ու բալանսավորված սնունդ
2.Ֆիզիկական ակտիվություն
3. Նիհարելուց հոգեկան բավարարվածություն
Եվ դարձյալ՝ ինչպես նիհարել
Անլուրջ է, երբ ձգտում ենք նիհարել միայն ամառը լողափում գեղեցիկ լինելու համար: Նիհար ապրելը կյանքի որակ պիտի դառնա, եթե գեր լինել չեք ուզում: Հոգեբանները ցանկալի արդյունքին հասնելու համար առաջարկում են նախ սիրել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, անգամ եթե գեր եք: Գնահատեք այդ գիրության առավելությունները. Օրինակ` գիրացել եք, որովհետև լույս աշխարհ եք բերել աշխարհի ամենալավ երեխային: Հետո արդեն փոխել ձեզ՝ սիրելով սպասվող փոփոխությունները, գնահատելով սննդակարգի փոփոխության արդյունքն ու չատելով նիհարելու գործընթացը:
Հոգնել եք նիհարելուց: Ուղղակի ապրեք այն տեսքով, որը ձեզ դուր է գալիս: