ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հունգարիայի հայկական ինքնավարությունը և Հունգարիայում գործող մի քանի հայկական կազմակերպություններ առաջին անգամ Հունգարիայում համատեղ կազմակերպելու են հայկական փառատոն, որը մեկնարկելու է 2017թ․ սեպտեմբերի 16-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի վերջ։ Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերրպիչները։
Ժամանակի ընտրությունը պատահական չէ, քանի որ հենց այդ ամսին է Հայաստանի Հանրապետությունը նշում իր Անկախության տոնը:
Փառատոնին կմասնակցեն Հայաստանից հրավիրված քանդակագործներ,գեղանկարիչներ, երաժիշտներ, ինչպես նաև արվեստագետներ Ավստրիայից, Սլովակիայից և Հունգարիայից: Միջոցառումների մեկնարկը սկսվելու է Վեսպրեմ քաղաքում, որտեղ օպերային տաղանդավոր երգիչ Գուրգեն Հովսեփյանի մասնակցությամբ կայանալու է հանրաճանաչ «Մենդելսոն» նվագախմբի համերգը և հայ անվանի քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի ցուցահանդեսի բացումը: Բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն նաև Հունգարիայի մյուս քաղաքներում, իսկ փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա Բուդապեշտում, որտեղ հանրաճանաչ «Ուրարտու» թատերախումբը կներկայացնի «Մուսա լեռ» մյուզիքլը:
Կազմակերպվող փառատոնը նպատակ ունի հունգարացիներին և Հունգարիա այցելող զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական մշակույթը, խոհանոցը:
Մեծ շուքով նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն նաև Տրանսիլվանիայի Գյերգեսենտմիկլոշ քաղաքում՝ Եվրոպայում գործող ամենահին առաջին հայ համայնքում, որտեղ գտնվում է նաև Հայ Կաթոլիկ եկեղեցին։ Անցկացվող միջոցառումների շրջանակներում Հունգարիայի հայ համայնքը եկեղեցուն է նվիրել Հայաստանից բերված խաչքար, որի օծումը տեղի կունենա միջոցառումների օրերին։