ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա): Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Բաբլոյանը հանդիպումներ կունենա ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը և Հերմինե Նաղդալյանը: Պատվիրակության անդամները Մոսկվայում կայցելեն նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, ծաղկեպսակ կդնեն Անհայտ զինվորի շիրմաքարին, կհանդիպեն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: