Նելլի Դանիելյան, Sputnik.
Տարօրինակ զուգադիպությամբ ՀՀ իշխանությունները հայկական դրամը փոխելու կամ նոր նմուշի թղթադրամներ թողարկելու անհրաժեշտության մասին հիշում են ամենածանր տարիներին, տնտեսական ճգնաժամերի ժամանակ։ Բավական է հիշել միայն, որ ազգային արժույթը ներդրվեց ցուրտ ու մութ տարիներին, 100 000-անոց թղթադրամը` համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում, երբ ՀՀ տնտեսությունն ավելի քան 14 %-անոց անկում գրանցեց։
Եվ դարձյալ դրամը նորացնելու մասին հայտարարությունը համընկավ ՀՀ տնտեսության գրանցած 0-ական մակարդակի աճի հետ։
ՀՀ ազգային արժույթը գոյության ընդամենը 24 տարվա ընթացքում այնպիսի փոփոխությունների է ենթարկվել, որ շատերն արդեն չեն էլ հիշում` ինչպիսին էր այն 2 տասնամյակ առաջ։
Ամեն ինչ սկսվեց 1993 թվականից, երբ ՀՀ կառավարությունը որոշեց շրջանառությունից հանել խորհրդային ռուբլին ու կոպեկը և դրանց փոխարեն շրջանառության մեջ դնել հայկական դրամն ու լուման։
Տպագրվեցին 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, հատվեցին 10, 20, 50 լումայանոց և 1, 3, 5, 10 դրամանոց մետաղադրամներ: Մեկ դրամը հավասար էր 100 լումայի:
Բայց ազգային արժույթն այնքան արագ արժեզրկվեց, որ լումաներն ընդհանրապես դուրս եկան շրջանառությունից ու մոռացության մատնվեցին, իսկ թղթադրամների անվանական արժեքները 1 տարի անց հարկ եղավ մեծացնել` ներդնելով 500, 1000 և 5000 դրամ արժեքով թղթադրամներ։
1998-99 թթ.-ին հայկական դրամի տեսքը դարձյալ փոխվեց։ Թողարկվեցին 50, 100, 500, 1000, 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, որոնց վրա պատկերված էին հայ մշակույթի ու գիտության անվանի գործիչները:
Այս թղթադրամներից այսօր կիրառվում են միայն 1000, 5000 և 20000-անոցները, իսկ 50, 100, 500 դրամանոցները 2003թ.-ին փոխարինվեցին մետաղադրամներով։ Դրանք այսօր էլ չնչին փոփոխություններով շրջանառության մեջ են։
Վերջինը, որ ՀՀ-ում դրվեց շրջանառության մեջ, 100 000 անվանական արժեքով թղթադրամն էր` Եդեսիայի թագավոր Աբգար Ե-ի պատկերով։
Այն շրջանառության մեջ դրվեց 2009թ. օգոստոսի 24-ին` վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։
Տնտեսական ճգնաժամի ու ՀՀ տնտեսական ամենամեծ անկման տարում 100 000-անոցի անհրաժեշտությունը մեկնաբանվեց կատարվող խոշոր գործարքները սպասարկելու անհրաժեշտությամբ։ Չար լեզուները, սակայն, պնդում էին, որ այս թղթադրամն իրականում վարչապետի նվերն էր որդուն` Աբգարին։
8 տարի անց Աբգար արքայի պատկերով թղթադրամի մասին ԿԲ-ում նորից հիշեցին։ Այսօր այն արդեն անիմաստ է համարվում, քանի որ, ըստ պատասխանատուների, մեծ գործարքները մեր երկրում արդեն անկանխիկ են իրականացվում։
Հիշեցնենք` ՀՀ ԿԲ-ն հայտարարեց, որ 100 000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվի։ Իսկ շրջանառող 1000, 2000, 5000, 10 000, 20 000 և 50 000-անոցները կտպագրվեն նոր դիզայնով ու հայ արվեստի, գիտության ու սպորտի այլ հայտնիների պատկերներով։
1 000 դրամանոցի վրա պատկերված Եղիշե Չարենցին կփոխարինի Պարույր Սևակը, 2 000 դրամանոց թղթադրամի վրա կլինի Տիգրան Պետրոսյանը, 5 000-անոցի վրա Հովհաննես Թումանյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամանոցի վրա Ավետիք Իսահակյանը տեղը կզիջի Կոմիտասին, 20 000-անոց թղթադրամի վրա Մարտիրոս Սարյանի փոխարեն կպատկերվի Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000-անոցի վրա սուրբ Էջմիածնի փոխարեն կպատկերվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։