«Մանկական եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի փոքրիկ արցախցին

© Panorama / Микаел Григорян (Миша)
Микаел Григорян (Миша) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի 9 տարեկան Միշան։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), որը նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:

9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը և տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:

Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ՝ ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում և Բրյուսելում:

Նա ելույթ է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ սիրված արտիստների հետ կատարելով «Արի իմ սոխակ» օրորոցայինը:

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո և կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում:

Լրահոս
0