Հովհաննես Հակոբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է թունավոր օձին տարբերել ոչ թունավորից և ինչ է պետք անել օձին հանդիպելիս։
- Հայաստանում օձերի վտանգավոր տեսակները շա՞տ են։
— Իրականում Հայաստանում շատ քիչ են թունավոր օձերը։ 22 տեսակից վտանգավոր են համարվում 4-ը։ Իժերը։ Բայց մարդը կարող է թունավոր ու վտանգավոր օձի միայն մի տեսակի հանդիպել` գյուրզային։ Մյուս երեք տեսակները բարձր լեռներում են ապրում, լեռնային իժեր են համարվում և դրանց հանդիպելը քիչ հավանական է։
- Ինչո՞ւ է եղանակն անդրադառնում օձերի պահվածքի վրա։
— Հայաստանում բոլոր օձերը ձմեռվա նիրհից հետո ակտիվանում են գարնանը, երբ օրերը տաք ու արևոտ են դառնում։ Արթնանալուց հետո սկսում են կերակուր փնտրել։ Որպես կանոն` օձերը կրծող կենդանիներ, թռչուններ, մողեսներ են ուտում։ Կրծողները սովորաբար հավաքվում են բնակավայրերի մոտ, այդ պատճառով էլ օձերը հայտնվում են մարդու կենսագործունեության վայրերում։ Օրինակ` Սովետաշենի աղբանոցի մոտ, որտեղ շատ են առնետները։ Օձերը սառնարյուն կենդանիներ են։ Նրանք կարող են մահանալ կիզիչ արևի տակ, այդ պատճառով ստվեր և խոնավ տեղ են փնտրում։ Հաճախ թաքնվում են նկուղներում, տանիքներում և բնակելի տներում։ Նման պայմաններում շատ հավանական է, որ մարդն ու օձը հանդիպեն։ Այդ ժամանակ օձի մոտ գործում է ինքնապաշտպանական բնազդը։ Կարևոր է իմանալ, որ օձը երբեք առաջինը չի հարձակվում, նա միայն պաշտպանվում է։
- Ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունն ու տարբերել թունավոր օձին։
— Ոչ թունավոր օձի խայթոցը նման է կատվի կծածի։ Այլ բան է գյուրզայի խայթոցը։ Եթե ժամանակին անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն, այն կարող է մահացու հետևանքներ ունենալ։ Գյուրզան մոխրագույն է, հողի գույն ունի, գլխին մանր թեփուկներ կան, բիբն էլիպսաձև է, պոչը` կարճ։ Նրան հանդիպելիս պետք չէ խուճապի մատնվել։ Պետք է հեռու կանգնել, և օձն ինքնուրույն կհեռանա։ Սակայն եթե մարդն այնուամենայնիվ չի կարողացել խուսափել գյուրզայի խայթոցից, ապա պետք է քիչ շարժվի, շատ ջուր խմի և դիմի բժիշկներին։ Մարդիկ հաճախ ագրեսիվ վարք են դրսևորում օձին հանդիպելիս և փորձում են ոչնչացնել նրան։ Սակայն պետք է իմանալ, որ օձերը մեծ օգուտ են բերում մարդկանց, քանի որ բնության սանիտարներ են. կարող են վերացնել վիրուսակիր կրծողներին։ Բավական է միայն տարբերել օձերին և համակերպվել նրանց գոյության հետ։