ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Նյու Յորքի «Յամահա դաշնամուրային սալոնում» ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես արել Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայացած բարեգործական համերգի ընթացքում մոտ 4,000 դոլար է հավաքվել Արցախի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքներ գնելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀԲԸՄ-ի լրատվական գրասենյակը:
Ծրագրում բացի հայկական ստեղծագործություններից հնչել են նաեւ արգենտինյան եւ աֆրո-կուբայական մեղեդիներ ու պարեղանակներ:
Համերգը մաս է կազմել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած բարեգործական միջոցառումների շարքին, որը մայիսին մեկնարկել է Բուենոս Այրեսում տեղի ՀԲԸՄ-ի փոխնախագահ Անտոնիո Սարաֆյանի եւ գեղարվեստական ղեկավար, դուդուկահար Գագիկ Գասպարյանի ջանքերով: Համերգներ տեղի են ունեցել արդեն Արգենտինայի 3 քաղաքներում, որոնցից ստացված հասույթով դաշնամուրներ են գնվել երաժշտական 3 դպրոցների համար:
Նախատեսված են համերգներ Սան Պաուլուում հուլիսի 27-ին և Երեւանում հառաջիկա սեպտեմբերի 22-ին, ընկերակցությամբ ազգային ժողգործիքների և պարի պետական համույթների: Երևանում համերգային շաբաթի (սեպտ. 18-23) ընթացքում տեղի կունենա նաև արվեստի գործերի ցուցահանդես Երևանի քաղաքապետարանում:
Համերգաշարքի նպատակն է Արցախի երաժշտական դպրոցների համար գնել ավելի քան 250 երաժշտական գործիք: