ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած, տեղեկացնում է ոստիկանությունը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Մանուկ Սիմոնյանին Արմավիրի մարզի ոստիկանները որոնում էին արդեն 2 օր:

Դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ, կատարվածի մասին մանրամասներ է հաղորդում shamshyan.com-ը։
Ավելի վաղ, Sputnik Արմենիայի հետ զրույցում խորհրդականի անհետանալու լուրը հաստատելով, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանն ասել էր, որ նա երջին անգամ ուրբաթ օրն է եկել աշխատանքի:
«Մանուկը շատ հանգիստ մարդ է, կոնֆիլկիտային չէ, որ մտածենք, թե ինչ-որ կոնֆլիկտի արդյունք կարող է լինի նրա անհետացումը»,- ասել է Փառանձեմ Կարապետյանը: